Բավ է պառակտվել
07-08-2014 16:30

Ռուս լրագրողի անդրադարձը Ղարաբաղի սահմանում տիրող լարվածության մասին

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածությունն արևմտյան երկրների և արևմտյան աշխարհին չպատկանող երկրների գլոբալ առճակատման հետևանք է: Այս մասին snob.ru կայքում գրել է ռուս հայտնի լրագրող, ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումն անմիջական սպառնալիք է Եվրոպայի էներգետիկ հաղորդակցությանը: Բաքու-Ջեյհան, Բաքու-Բաթումի, Բաքու-Փոթի կապերը Եվրոպայի համար առանցքային են: Ռուսաստանի և նրա դաշնակից Հայաստանի համար ԼՂ խնդիրը Եվրոպային նախազգուշացնելու միջոց է, որ այն կարող է հայտնվել էներգետիկ շրջափակման մեջ:

«Ռուսաստանը ցույց է տվել, որ ունի ճնշման լծակներ, որոնց հետ Եվրոպան պետք է հաշվի նստի, քանի որ գազի ամերիկյան տարանցման, թերթաքարային գազի մասին բոլոր խոսակցություններն ապագայի խոսակցություններ են», - գրում է Շևչենկոն:

Նա նշում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ առավելևս Ադրբեջանը շահագրգռված չեն դրանում:

Երկարատև պատերազմը կարող է հանգեցնել մեծ թվով մարդկային կորուստների, Ադրբեջանի ապաինտեգրման և ապակայունացման: Բաքվին ռազմական սցենարը միանշանակ ձեռնտու չէ, կարծում է լրագրողը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին Ադրբեջանը ցույց է տվել տնտեսության և ֆինանսների աճի տպավորիչ տեմպեր, Բաքուն վերածվել է հետխորհրդային տարածքի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի, և զարգացման պոտենցիալը սպառված չէ: Ադրբեջանական էլիտան պատրաստ չէ դա զոհաբերել, գրում է նա:

«Ղարաբաղյան խնդրի սրումը ցուցադրական բնույթ է կրում: Զուր չէ, որ Իլհամ Ալիևը բավական արագ բանակցությունների գնաց. նա հասկանում է, որ Ադրբեջանը բավական հեշտ ապակայունացող պետություն է»,- գրում է Շևչենկոն:

Հաշվի առնելով այդ ամենը՝ Ալիևի համար պատերազմը վտանգավոր նախաձեռնություն է, քանի որ նա ստիպված կլինի պատերազմել նաև Ռուսաստանի հետ, որը կապված է Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի պայմանագրով, իսկ դա իր հերթին կբերի Իրանի՝ Հայաստանի դաշնակցի հետ հարաբերություններում բարդությունների: Շևչենկոն հիշեցնում է, որ Բաքուն փորձել է որոշ ժամանակ առաջ պայմանավորվել ադրբեջանական ալիքներով իրանական էներգառեսուրսների տարանցման մասին, որին Իրանը չի համաձայնել, «հավանաբար՝ Մոսկվայի հետ խորհրդակցություններից հետո»:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածությունը պետք է դիտարկել գլոբալ հակամարտության համատեքստում, որի նպատակն է գլոբալ քաղաքական գործընթացների վերահսկումը»,- գրում է Շևչենկոն: