Բավ է պառակտվել
19-11-2014 18:15

Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի Դաստակերտ համայնքի ղեկավարին

Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին: Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Ֆիլոսյանը 1999 թվականից Դաստակերտ համայնքի ղեկավարն է, և լինելով համայնքի ղեկավար՝ այնուամենայնիվ մասնակցել է համայնքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը: «ՀԷԿ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում ՀԷԿ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց Ֆիլոսյանը, ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել և դարձել ընկերության մասնակից», - ասված է հաղորդագրությունում: - «Օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորություններից և, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը՝ Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2 հազար քառակուսի մետր հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաև ինքը: Ավելին՝ համայնքի ղեկավարը որևէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողատարածքում կատարվող ՀԷԿ-ի ինքնակամ շինարարությունը, ինչը համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է: Ֆիլոսյանի ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին»։ Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ինչի համար սահմանված ամենախիստ պատիժը 4 տարվա ազատազրկումն է։