Բավ է պառակտվել
24-04-2017 12:42

Հայաստանցիներն ու սփյուռքահայերը պետք է միասին նպաստեն Հայաստանի բարգավաճմանը. Ռ. Վարդանյան

Հայ ժողովուրդը կարող է հաջողության հասնել և համատեղ ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները, Ցեղասպանության զոհերի հիշատակի 102-րդ ամյակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելիս այս մասին հայտարարել է ռուսաստանյան գործարար, բարեգործ, «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Հաջողության հասնելու համար հայությունն ու սփյուռքը պետք է միավորվեն և ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանը հիանալի երկիր դառնա: Եվ դրանով մենք պետք է ցույց տանք մեր հարևաններին, որ նրանց ցանկությունը չի իրականացել:Մենք շարունակում ենք ներդրումներ անել խաղաղության զարգացման մեջ, և ամեն ինչ ենք անում, որպեսզ աշխարհը տեսնի այդ ամենը»,-վերհիշելով հարյուրամյա վաղեմության իրադարձությունները նշել է Վարդանյանը:
Նա պատմել է իր պապի կյանքի պատմությունը, ում հաջողվել էր փրկվել Օսմանյան Թուրքիայում կազմակերպված կոտորածից.« Պապս փրկվել է 7 տարեկան հասակում, այդ պատճառով էլ ինձ համար սա ոչ միայն իմ ազգի պատմությունն է, այլ նաև իմ ընտանիքի»,- ասել է նա:
Վարդանյանը նաև ընդգծել է իր և մի շարք ազդեցիկ մարդկանց կողմից հիմնադրված «Ավրորա» մարդասիրական նախագծի կարևորությունը:
««Ավրորա» նախագծով մենք ուզում ենք ցույց տալ այս պատմության մյուս կողմը՝ մասնավորապես, թե ինչպես է հայերին հաջողվել փրկվել: Օրինակ իմ պապին թուրք է փրկել, մենք պետք է հիշենք դա: Մոտ 120 հազ. երեխաներ փրկվել են ամերիկացիների և այլ մարդկանց շնորհիվ: Եվ մենք միշտ պետք է հիշենք դա»,- նշել է նա:
Վարդանյանի խոսքերով հայերը պետք է օգնեն այլ ազգերին, որոնք այժմ գտնվում են շատ ծանր վիճակում և վերապրում են նույն բանը:
Այս տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: