Բավ է պառակտվել
28-03-2016 12:22

Ռուս զբոսաշրջիկները Թուրքիան փոխարինում են Հայաստանով, Վրաստանով ու Ադրբեջանով

Ռուսաստանցի զբոսաշրջիկները Թուրքիան փոխարինում են Վրաստան, Հայաստան և Ադրբեջան այցերով, հաղորդում են շուկայի մասնակիցները:
Տուրօպերատորներն ու ճանապարհորդությունների ինքնուրույն պլանավորման համակարգն այդ երկրներ այցերի պահանջարկի աճ են գրանցել առնվազն 50%-ով։
«Վրաստան, Հայաստան և Ադրբեջան այցերի ամրագրումն աճել է 50%-ով, սակայն պետք է հասկանալ, որ դրանք զանգվածային ուղղություններ չեն»,- հայտարարել է «Դելֆին» ընկերության տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը: Ընկերության գնահատականներով՝ ամռանը Վրաստան կայցելեն 200-300 հազար զբոսաշրջիկներ Ռուսաստանից:
Աբխազիա նախատեսում են այցելել մոտ 1.5 մլն ռուսներ, ինչը նախորդ տարվա համեմատ 20 տոկոս աճ է համարվում:
«Ինտուրիստ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Տոլչինը ևս նշել է ԱՊՀ երկրներ այցերի պահանջարկի աճի մասին։ Նրա խոսքով՝ դեպի Հայաստան և Ադրբեջան պահանջարկն աճել է երեք անգամ, սակայն շուկայի համար զգալի ծավալների մասին դեռ խոսք չկա։
«Սվյազնոյ Թրևլ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Դորոշն առանձնացրել է Բաթումը, որտեղ նախապես ամրագրման դեպքերը 2015 թվականի համեմատությամբ աճել են 3.2 անգամ։ Դորոշը նշել է, որ երկրորդ զգալի աճ գրանցած ուղղությունը Հայաստանն է։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։