Բավ է պառակտվել
03-11-2016 11:53

Ռուսական հատուկ ծառայությունները մտահոգված են ադրբեջանական մաֆիայի ակտիվացումով

ՌԴ իրավապահ մարմինները լրջորեն մտահոգված են մոսկովյան շրջանում ադրբեջանական մաֆիայի աննախադեպ ակտիվացումով։

Այդ ակտիվացումը պայմանավորված է «օրենքով գողեր» Նադիր Սալիֆովի (Լուտու Գուլի) ու Վագիֆ Սուլեյմանովի (Վագիֆ) մաֆիոզ կլանների միաձուլումով։

Իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքով այս ամռանը նոր մաֆիոզ կոնգլոմերատ է հայտնվել,որին բացի վերոնշյալ երկու «օրենքով գողերից» նաեւ Ռաշադ Իսմայիլովն է միացել։ Սալիֆովը հիմա զինյալների ամենահզոր «բանակն» ունի։ Վագիֆն ու Ռաշադ Գյանջինսկին էլ իրենց հերթին մեծ կապեր ունեն ադրբեջանցի գործարարների հետ, որոնք մոսկովյան շրջանում առեւտրի կենտրոններ ու մեծածախ շուկաներ ունեն։ Նոր կլանը մեկը մյուսի հետեւից իր «կտուրի» տակ է ընդունում նորանոր ֆիրմաներ ու գործարարների՝ հավակնելով լիդերության Մերձմոսկվայի մի շարք շրջաններում։ Այս գործընթացը ուղեկցվում է բազմաթիվ ծեծուջարդերով ու մարդկանց առեւանգումներով (բացառապես ադրբեջանցիների)։

Այս ակտիվությունը մտահոգում է մյուս խմբավորումներին, որոնք կորցնում են իրենց ենթակա գործարարներին։ Դրա հետեւանքով զանազան «պարզաբանումներ» արդեն եղել են, ու մոտ ժամանակներս սպասվում է մաֆիոզ մրցակցության ուժգնացում՝ ընդհուպ մինչեւ փոխհրաձգություն։