Բավ է պառակտվել
02-02-2016 12:30

Ռուսաստանում գրիպի պատճառով փակ են դպրոցներ ու մանկապարտեզներ

Ռուսաստանում մոտ 9000 դպրոց եւ ավելի քան 1600 մանկապարտեզ է փակվել գրիպի եւ սուր շնչառական վարակի (ՍՇՎ) պատճառով։ Ինչպես լրագրողներին ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Անա Պոպովան, ուսումնական հաստատություններում կարանտին է հայտարարվել կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, եւ մոտ ժամանակներս հիվանդացության դեպքերը կնվազեն։ «Համաճարակային պրոցեսը կասեցնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակներում փակվել է 8891 դպրոց եւ 1688 մանկապարտեզ։ Որտեղ անհրաժեշտ է, մասամբ փակվում են դասարաններն ու նախադպրոցական հաստատությունների խմբերը», - ասել է նա։ Պոպովայի խոսքով՝ ՌԴ շրջանների քանակը, որոնք հատել են գրիպի եւ ՍՇՎ հիվանդությունների համաճարակային շեմը, հասել է 74-ի, որոնցից 48-ը դեռեւս չեն հասել համաճարակային շեմի կրկնակի հատելու մակարդակին, իսկ 26-ը համաճարակային շեմը գերազանցել են ավելի քան 2 անգամ։ Մինչեւ 6 տարեկան երեխաների շրջանում այդ շեմը հատվել է 65 սուբյեկտներում, դպրոցականների շրջանում՝ 59 սուբյեկտներում, իսկ չափահասների շրջանում՝ 66 շրջաններում։ Հիվանդներից մեծ մասի մոտ մասնագետները հայտնաբերել են AH1N1-2009 վիրուս, որը հայտնի է նաեւ որպես «խոզի գրիպ»։ Պոպովայի խոսքով՝ վիրուսի մուտացիայի էական դեպքեր չեն գրանցել։ Հիվանդների մոտ հայտնաբերված վիրուսները գրեթե չեն տարբերվում նրանցից, որոնց դեմ այս սեզոնում պատվաստանյութ է մշակվել։ Մասնագետներն ակնկալում են, որ մոտ ժամանակներս Ռուսաստանում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացության դեպքերը կպակասեն։ Որպես կանխարգելիչ միջոց՝ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել բազմամարդ վայրեր այցելելուց եւ կրել բժշկական դիմակներ, հաճախ լվանալ ձեռքերը եւ ախտահանել իրերը։