Բավ է պառակտվել
21-06-2016 11:53

Ռուսաստանի կաթոլիկները Հայաստան կժամանեն

Ռուսաստանից մի խումբ ուխտագնացներ գնալու են 25 հազար կաթոլիկների հետ միասին աղոթելու այն պատարագի ժամանակ, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին մատուցելու է Հայաստանի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում: Այս մասին  հայտնել է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Պետրոս Եսայանը:

Մոսկվացիներից բացի Հայաստան են ժամանելու նաեւ կաթոլիկների խմբեր Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի ու այլ քաղաքների հայկական համայնքներից:

 Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Նա Հայաստանում կմնա մինչեւ հունիսի 26-ը: Այցի առաջին օրը Պապը կայցելի Էջմիածնի Մայր տաճար, որտեղ կաղոթի ու իր ողջույնի խոսքը կուղղի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այդ օրը Երեկոյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի Հայաստանի նախագահի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Հունիսի 25-ին Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: Այս հուշահամալիրում 2001-ին աղոթել էր նաեւ Հովհաննես Պողոս երկրորդ պապը: Այնուհետեւ նա կայցելի Գյումրի եւ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին Էջմիածնում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի եպիսկոպոսների հետ ու ներկա կգտնի Մայր տաճարում պատարագին, որը մատուցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ակնկալվում է նաեւ համատեղ հռչակագրի ստորագրում:

Կիրակի երեկոյան Հռոմի պապը կաթողի Խոր Վիրապի եկեղեցում, որտեղ ըստ ավանդույթի, 3-րդ դարի վերջին զնդանված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը: