Բավ է պառակտվել
19-03-2015 11:24

Թունիսում ահաբեկչության հետևանքով ՌԴ քաղաքացի է տուժել

Ռուսաստանից մեկ զբոսաշրջիկ տուժել է նախօրեին Թունիսի մայրաքաղաքում տեղի ունեցած Բարդո թանգարանի վրա հարձակման հետևանքով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Թունիսի վարչապետ Հաբիբ Էսիդը: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 21 և տուժել է 44 մարդ: Նախօրեին զինված ահաբեկիչները հարձակվել են Բարդո թանգարանի վրա՝ պատանդ վերցնելով օտարերկրյա զբոսաշրջիկներին: Հարձակման պահին, տարբեր տվյալներով, թանգարանում գտնվել է 100- 200 հաճախորդ: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչության արդյունքում զոհվել է 21 մարդ, այդ թվում նաև 17 զբոսաշրջիկ: «Մենք ունենք 13 վիրավոր Իտալիայից, յոթ ֆրանսիացի զբոսաշրջիկ, չորս ճապոնացի, վեց Թունիսի քաղաքացի, 11 վիրավոր Լեհաստանից: Տուժել է նաև մեկ ռուսաստանցի: Տուժածներից ևս երկուսը Հարավաֆրիկյան հանրապետությունից են: Ընդհանուր առմամբ վիրավորները 44-ն են», - հայտնեց Թունիսի վարչապետը: Հաբիբ Էսիդը նաև հայտնեց զոհվածների թիվը՝ չորս իտալացի, երկու ֆրանսիացի, երկու կոլումբիացի, հինգ ճապոնացի, երկու իսպանացի, մեկ ավստրիացի և մեկ լեհ: Թունիսի կառավարության ղեկավարը իր ցավակցությունը հայտնեց զոհվածների ընտանիքներին և հայտարարեց, որ «այդ ահաբեկչությունը չի խարխլի Թունիսի ժողովրդավարական կարգը»: Հայտնի է, որ ոչնչացվել է երկու ահաբեկիչ: Ահաբեկչական գործողության համար իր պատասխանատվությունն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Բազում միջազգայի կազմակերպություններ դատապարտել են ահաբեկիչների զինված հարձակումը անզեն մարդկանց վրա և ցավակցել են զոհվածների ընտանիքներին: Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ում Թունիսի մայրաքաղաքում կատարված հարձակումը ահաբեկչության բարբարո քայլ են անվանել: Այդ մասին նշված է գերատեսչության կայքում: «Մոսկվայում վճռականորեն դատապարտում են Թունիսի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության այդ բարբարո քայլը: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին: Մենք հաստատում ենք մեր վճռական համերաշխությունը Թունիսի իշխանությունների հետ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու նրանց ջանքերին, ինչպես նաև երկրի տարածքում ցանկացած էքստրեմիստական դրսևորումներ չեզոքացնելու գործում», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում: