01-02-2016 16:31

Ռուսաստանը կարող է Թուրքիայից փոխհատուցում պահանջել A321-ի զոհերի հարազատների համար

Մոսկվան կարող է Թուրքիայից փոխհատուցում պահանջել Սինայի թերակղզում A321 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի հարազատների համար, եթե հաստատվի ահաբեկչությանը թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ներգրավվածության մասին տեղեկությունը։ Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը: «Եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա հաշիվը, որը Ռուսաստանը պետք է ներկայացնի և՛ մահացած քաղաքացիների, և՛ ինքնաթիռի համար, կուղղվի թուրքական կողմին»,- հայտարարել է Օզերովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ «պաշտոնապես հաշիվ չի ներկայացրել»։ «Բայց զոհերի հարազատները տարբեր հայցեր են պատրաստում, այդ թվում՝ Եգիպտոսի իշխանությունների դեմ։ «Գորշ գայլերի» մասին տեղեկության հաստատման դեպքում հայցերը կվերաուղղվեն Թուրքիային»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ A321 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի հարազատները զբաղվում են Նյու Յորքի դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմամբ։ Նրանք պատրաստվում են համատեղ հայց ներկայացնել ամերիկյան լիզինգային International Lease Finance Corporation ընկերության դեմ, որը «Կոգալիմավիա»-ին է հանձնել A321-ը։ Ռուսական «Կոգալիավիա» ավիաընկերության՝ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։