Բավ է պառակտվել
27-05-2016 13:28

Ավետիսյանների սպանության գործով քաղհայց ներկայացվեց ընդդեմ Ռուսաստանի

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում քաղաքացիական հայցի միջնորդություն է ներկայացվել: Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է:

Միջնորդությունն ընթերցել է դատական գործընթացի մասնակից փաստաբան Արամազդ Կիվիրյանը, որն այսուհետ ներկայացնում է տուժածների իրավահաջորդ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի և Անդրանիկ Պողոսյանի շահերը: Քաղաքացիական հայցով հայցվորներ կլինեն նույնպես նրանք:

Փաստաբանը կարճ ներկայացրեց կատարված հանցագործությունը՝ նախքան Հայաստան տեղափոխվելը դրսեւորած վարքը եւ զորամասի ինքնակամ լքման բազմաթիվ դեպքերը, զենքով դասալքություն, Ավետիսյանների ընտանիքի սպանություն, սահմանն ապօրինի հատելու փորձ: Միջնորդության մեջ նշվում է դասալքության փաստն հայտնաբերելու եւ տեղեկությունը հայկական կողմին հաղորդելու ժամանակահատվածի միջեւ ժամանակային տարբերության փաստը: Ընդգծված է, որ փորձաքննության համաձայն՝ արտասահման ծառայության են ուղարկել մի մարդու, որը որոշակի մտավոր շեղումներ է ունեցել: Ավելին՝ տեղյակ լինելով առկա խնդիրներից՝ ամբաստանյալ Պերմյակովի ղեկավարությունը այդուհանդերձ հնարավոր է համարել նրան տաբելային զենք տրամադրելը: Ռուսական բազայի ներկայացուցիչները փաստացի մի շարք խախտումներ են թույլ տվել:

Սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հասցվել է ոչ նյութական վնաս, խախտվել է ՄԱԿ կոնվենցիայով սահմանված կյանքի իրավունքը, ընդգծել է փաստաբանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, լինելով այդ կոնվենցիայի անդամ, հանդիսանում է պատասխանող կողմ եւ պատասխանատվություն է կրում Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների գործողությունների համար:

Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազար եվրո եւ 100 հազար եվրո երեխաներ Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների համար:

Ծանոթանալով կողմերի կարծիքներին՝ դատավորը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ հայցը ներկայացված է հայերեն, այն անհրաժեշտ է թարգմանել եւ ուղարկել հասցեով, ինչը ժամանակ է պահանջում: Դատավարությունը հետաձգվում է մինչեւ հունիսի 30-ը եւ որպես բացառություն՝ կկայանա հինգշաբթի, այլ ոչ թե ուրբաթ: