Բավ է պառակտվել
18-11-2015 10:54

Ծնողները հաստատել են Փարիզում զոհված 17-ամյա հայուհու մահվան փաստը

Փարիզի «Բատակլան» համերգասրահում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում անհետացած 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանի մահվան փաստի հաստատվելուց հետո Twitter-ի բազմաթիվ օգտատերեր, որոնք կոչ էին անում օգնել գտնել հայուհուն, ցավակցություն են հայտնում։ 
Նախօրեին տարածված լուրը, թե համերգասրահում գտել են Լոլայի մարմինը, ավելի ուշ հաստատել էին աղջկա ծնողները: Նրանք թատրոնում ռոք համերգի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության ավելի քան 100 զոհերի մեջ ճանաչել են իրենց դստերը։ 
Լոլան «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի էր գնացել հոր՝ Էրիկ Ուզունյանի հետ: Սկզբում հայտնի դարձավ ահաբեկչությունից հետո ազգությամբ հայ հոր և դստեր անհետացման մասին: Հաջորդ օրը, սակայն, հայրը վերադարձել էր, իսկ խառնաշփոթի ընթացքում կորցրած դստեր մասին 3 օր տեղեկություն չկար: 
Ահաբեկչության պահին համերգասրահում եղել էին նաև երկու հայ երիտասարդներ, սակայն նրանք հրաշքով փրկվել էին. բարեբախտաբար, նրանք ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել և, հրազենի ձայնը լսելով, փախուստի էին դիմել ու փրկվել։