22-10-2016 10:43

Սահմանամերձ գոտիներում ծառայող զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետն ու փոխնախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ:
Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը: Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելել իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին:
«Արդեն հաճելի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումը: Ծրագիրն իսկապես սպասված է ինչպես ծնողների, այնպես էլ զինծառայողների համար: Այս անգամ շուրջ 1200 ծնողների ենք ուղարկում սահմանամերձ զորամասերում իրենց զավակներին տեսակցության: Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ծնողներն անձամբ ծանոթանան այն պայմաններին որտեղ ծառայում են իրենց որդիները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացվող մեր այս նախաձեռնությունը վստահեցնում եմ, որ լինելու է շարունակական: Բացի այդ, ինչպես գիտեք, Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում ու գալիս տուն: Բնականաբար, այս այցելությունների շնորհիվ նաև տարեցտարի ավելի է ամրապնդվում ու խորանում բանակ-հասարակություն կապը»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ Պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը, նաև Ճանապարհային ոստիկանությանը, առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր ողջ ճանապարհի ընթացքում ուղեկցում են զինծառայողների ծնողներին: Երևանի քաղաքապետը նաև նշել է, որ այս անգամ քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերից բացի ծնողներին ուղեկցելու ցանկություն են հայտնել նաև Ավան, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը, որն արդեն հաճելի ավանդույթ է դարձել: Իհարկե, ծնողների կապը առաջնագիծը պահող իրենց որդիների հետ շատ կարևոր է ու որքան հաճախակի լինեն նմանատիպ հանդիպումներն, այնքան ավելի լավ», - նշել է Դավիթ Տոնոյանը:
Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար, ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին: