Բավ է պառակտվել
19-01-2016 09:35

Ռոբերտ Քոչարյանը դահուկ էր քշում

Հանգստյան օրերին ձմեռային հանգստի սիրահարները գրոհել էին Ծաղկաձորը, քաղաքում եռուզեռ էր, անգամ մեքենաների խցանումներ էին առաջանում: Մեր աղբյուրը պատմեց, որ կիրակին Ծաղկաձորում է անցկացրել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա Ծաղկաձոր է գնացել մենակ, իհարկե, եթե չհաշվենք ներքեւում սպասող թիկնապահներին: Նա բավականին լավ դահուկորդ է: Եվ քանի որ դահուկ քշելու VIP երթուղիներ չկան, Քոչարյանն ստիպված է եղել դահուկ քշել շարքային քաղաքացիների հետ միասին՝ ընդհանուր տարածքում: Ու թեեւ դահուկ քշողներին դժվար է ճանաչել՝ նրանք հատուկ դիմակներով, ակնոցներով են, սակայն Քոչարյանի այցը Ծաղկաձոր աննկատ չէր կարող մնալ: Մեր աղբյուրը պատմեց, որ նրա՝ Ծաղկաձորում հայտնվելուն պես դահուկորդներն իրենց մաշկի վրա զգում են դրա «խերը»՝ ճոպանուղին սկսում է արագ աշխատել, եւ դահուկորդներն ավելի շատ ժամանակ են ունենում դահուկ քշելու։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը շատ հաճախ է Ծաղկաձորում դահուկ քշում, հնարավոր է՝ կիրակի օրն էլ է եղել: Իսկ երեկ նա արդեն մեկնել է արտերկիր՝ մասնավոր այցով։ Թե որտեղ եւ ինչ նպատակով, գրասենյակի ղեկավարը չասաց: