Բավ է պառակտվել
28-03-2015 11:10

ՄԱԿ-ում կոնսենսուսով ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը

2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանին են միացան և բանաձևը համահեղինակեցին վաթսունչորս պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը և լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համգործակցության համար և ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարևոր գործիք: Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին: Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմենրի շրջանակներում, ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերական խախտումները կանխելու նպատակով: Փաստաթուղթն ընգծում է կրթության կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում և կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատսպան կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը և դրանց միջոցով կանխարգելմանը: Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման հանցագործությունները երբեք չմոռացվեն և բոլորը հնարավորություն ունենան անցյալի դասերի հիման վրա նպաստել առավել ապահով ապագայի կերտմանը: Բանաձևով Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Բանաձևի համաձայն, նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում: Հատկանշական է, որ Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային այս կարևոր բանաձևն ընդունվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: