24-10-2016 10:11

Այսօրվանից Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում

Այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաեւ հոկտեմբերի 25-ին եւ 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից եւ կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով: Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը եւ առավոտյան:

Բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհահատվածներում՝ մերկասառույց:

Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-25սմ ձյուն: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին երկրի բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով:

ՀՀ ԱԻ նախարարությունը կրկին հիշեցնում եւ հորդորում է վարորդներին երթեւեկել ձմեռային անվադողերով:

Երևանում՝ Հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ին սպասվում է անձրև:

28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: