Բավ է պառակտվել
26-02-2015 13:23

Դիվերսանտների գործով Վերաքննիչի որոշումը կհրապարակվի մարտի 10-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերաքննիչ ատյանի դատարանը ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցով որոշումը կհրապարակի մարտի 10-ին։ Հիշեցնենք, որ դատավոր Նորայր Գրիգորյանի նախագահությամբ դատական նիստը կայացավ փետրվարի 26-ին։ Փաստաբաններն ու պաշտպանյալները ներկայացրեցին իրենց բողոքները։ Դատախազ Կարեն Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեց այն ինքնաձիգի հետազոտության արդյունքները, որից սպանվել էր անչափահաս Սմբատ Ցականյանը։ Համաձայն առկա ապացույցների՝ Սմբատ Ցականյանին սպանել են այն ինքնաձիգով, որը ձերբակալման պահին  հայտնաբերվել է Դիլհամ Ասկերովի մոտ։ Ըստ դատախազի՝ ազգային ատելության հողի վրա կատարված սպանության հանգամանքն ապացուցում է այն փաստը, որ Ասկերովը անչափահասին սպանելուց  հետո Գուլիեւին ասել է. «Դու խղճում ես հայ տղային»։ Ինչ վերաբերում է Գուլիեւի ցուցմունքին, թե ինքը չգիտեր, թե որտեղ է գտնվում Քարվաճառը, դատախազը հիշեցրեց, որ Գուլիեւը՝ որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պետք է իմանար, որ հակառակորդի դիրքերից այն կողմ չի կարող չեզոք գոտի լինել։ Անդրադառնալով այն հանգամանքին, թե Սմբատ Ցականյանը իբր թե ինքնակամ է գնացել դիվերսանտների հետ, դատախազը նշեց. «Դժվար է պատկերացնել, որ 16-ամյա տղան ամեն ինչ թողել է եւ ինքնակամ գնացել է 3 անծանոթ տղամարդու հետ»։