Բավ է պառակտվել
01-11-2016 14:19

«Պոբեդա» լոուքոսթերի մուտքը Հայաստան չի հանգեցնի դեմփինգի.ՔԱԳՎ

Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերի մուտքը հայկական շուկա չի հանգեցնի գների դեմփինգի և չի սպառնա ուղևորների անվտանգությանը, կարծում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:

Ռուսական լոուքոսթեր «Պոբեդան» նոյեմբեր ամսվա վերջից կսկսի թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից:

«Անշուշտ, լոուքոսթերների կողմից տրամադրվող ծառայությունների որակն ավելի ցածր է, դրանց մեջ ներառված չեն անվճար սնունդը և ըմպելիքները: Առանձին գումար է գանձվում ուղեբեռի համար։ Սակայն դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ նրանք ներկայացնում են ավիացիոն անվտանգության այլ մակարդակ», - երեքշաբթի լրագրողներին ասաց Չոբանյանը:

Նրա խոսքով, բյուջետային ավիաընկերությունների չվերթերը սպասարկվում են նույն ինքնաթիռներով, ինչ դասական ավիաընկերություններինը։:

«Ինչ վերաբերում է դեմփինգին, ապա այս հարցը կարգավորվում է միջկառավարական համաձայնություններով և համապատասխան գերատեսչությունների կողմից: Բացի այդ, ես չեմ կարծում, որ «Պոբեդայի» նպատակը դեմփինգն է», - ասաց Չոբանյանը:

Նա կարծում է, որ տեղական ավիափոխադրողներ «Air Armenia»-ն և «Տարոն ավիան» բավական ներուժ ունեն` մրցակցության դեմ պայքարելու համար:

««Պոբեդա» լոուքոսթերի մուտքը, ինչպես նաև այլ լոուքոսթերների հնարավոր մուտքը, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում, կնպաստեն Հայաստանում ավիատոմսերի սակագների նվազմանը», - նշեց Չոբանյանը:

Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա դուրս եկան նոր ավիաընկերություններ և վերադարձան Հայաստանում ավելի վաղ գործող կազմակերպությունները։ Մասնավորապես, 2015 թ.–ի վերջի տվյալներով` դեպի Հայաստան չվերթեր են իրականացրել Aegean Airways–ը, Georgian Airways–ը, Iraqi Airways–ը, Al Naser–ը, Mahan Air–ը, Middle East Airways–ը, S7 Airlines–ը, Czech–ը, LOT–ը։

Այս տարվա հունիսին Հայաստան չվերթեր են սկսել իրականացնել «Սարատովի ավիաուղիները» և «Ուրալի ավիաուղիները»: Հայկական շուկա մուտք գործելու մտադրության մասին են հայտնել ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը և Brussels Airlines ավիաընկերությունը: Բացի այդ, Ռոսավիացիան 2016 թ.-ի հոկտեմբերի 21-ին Հայաստան չվերթեր իրականացնելու թույլտվություն է տվել երեք ավիաընկերությունների` «Իկար» (PEGAS FLY ապրանքանիշ), «Հյուսիսային քամի» (Nordwind airlines) և «Իժավիա»: