05-03-2014 13:58

Պահանջում ենք հանրային տրանսպորտից վերացնել Ռուսաստանի դրոշները. ՛՛ Մենք ենք այս քաղաքի տերը՛՛ նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում է Երևանի հանրային տրանսպորտից վերացնել Ռուսաստանի Դաշնության դրոշները։
Հայտարարությունը՝ ստորև։
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող
Տարոն Մարգարյանին
ք. Երևան
Արգիշտի 1
Բաց պահանջագիր Տարոն Մարգարյանին.
վերացրե՛ք Ռուսաստանի Դաշնության դրոշները հանրային տրանսպորտից
Պարոն Մարգարյան,
Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի և խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում):
Սույն նամակով պահանջում ենք պարզել, թե ինչու է այլ երկրի պետականության խորհրդանիշը հայտնվել Երևանի հանրային տրանսպորտում՝ հաշվի առնելով այն տարրական հանգամանքը, որ երևանյան ավտոբուսները և երթուղային տաքսիները ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ չեն, հետևաբար, չեն կարող արտահայտել այդ պետության հետ որևէ առնչություն:
Երկրորդ, պահանջում ենք ամենակարճ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և ապահովել Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշների հեռացումը հանրային տրանսպորտից, ՌԴ հետ առնչություն չունեցող այլ հանրային վայրերից: Տեղեկացնում ենք, որ հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգը և ՀՀ ինքնիշխանությունը վերահաստատող այդ գործողությունները կիրականացնեն ինքնիշխան Հայաստանի քաղաքացիները:
Արթուր Ավթանդիլյան
Աննա Շահնազարյան
Լիլիթ Գևորգյան
Լևոն Գալստյան
Մերի Խաչատրյան
Նարեկ Բաբայան
Սուրեն Սահակյան
Շուշան Թումանյան
Սեդա Հայրապետյան
Հ.Գ. Պատասխան արձագանքը խնդրում ենք հրապարակել լրատվամիջոցներով և քաղաքապետարանի պաշտոնական կայքում: