Բավ է պառակտվել
25-08-2014 08:59

ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է քննել գերևարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ գերատեսչությունը հանդես է եկել Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ հայտարարությամբ: Մասնավորապես՝ պատասխանելով ԶԼՄ-ի այն հարցին, թե «Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մեջ մտնող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունները վերջերս Կ. Պետրոյանի մահվան փաստով հայտարարությամբ են հանդես եկել, որը մեծ արձագանք ստացավ, ինչպիսի՞ն է ռուսական կողմի դիրքորոշումը»՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ասել է.
«Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց սպանությամբ , ընդ որում՝ ոչ միայն ռազմական բախումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև զոհված այլ հայերի և ադրբեջանցիների հարազատներին և բարեկամներին: Անհրաժեշտ ենք համարում նմանատիպ միջադեպերի մանրակրկիտ հետաքննությունը»:
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել նաև «հետևել 2010թ. հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների Համատեղ հայտարարության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձման մասին դրույթների իրագործմանը»: