Բավ է պառակտվել
20-05-2015 16:37

Մարտի 1-ի գործի քննությունը տեսանելի չի, բայց աշխատանքներ տարվում են. գլխավոր դատախազ

Ազգային ժողովում «ՀՀ դատախազության 2014թ-ի գործունեության հաշվետվությանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին փոխանցեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի պահանջը և հարցրեց, թե ինչ նորություններ կան 2008թ-ի մարտի մեկի զոհերի գործերից: «Մենք այսօր մասնակցել ենք բանակում զոհված զինվորների ծնողների աջակցման ակցիային, նրանք բոլորը խիստ մտահոգություն են հայտնում բանակում շարունակաբար կատարվող սպանությունների հետ կապված: Ինչպես նաև նրանց մայրերի նկատմամբ ոստիկանների կատարած վայրագություններին ինչո՞ւ գնահատական չի տրվում»,-հարցրեց նա: Մանուկյանը նաև հիշեցրեց, թե «Մարտի մեկի» դեպքերի հետ կապված գլխավոր դատախազը խոստումներ էր տվել, թե սայլը տեղից կշարժվի: «Մարդկանց մոտ հույս առաջացավ, հիմա ի՞նչ ընթացի մեջ է գործը»,-հարցրեց նա: Գլխավոր դատախազը նշեց, թե սայլի շարժումը կարող է պատգամավորի և մյուսների համար տեսանելի չլինել, բայց, ըստ նրա, աշխատանքներ տարվում են: «Շատ ժամանակ քրեական գործով ավել կամ պակաս տրված տեղեկատվությունը քրեական գործի շահերից չի բխում: Այս պահին Գլխավոր դատախազությունը, գործի շահերից ելնելով, նպատակահարմար չի գտնում հրապարակել, թե մեր հանդիպումից մինչև հիմա ինչ ընթացք է ստացել գործը: Ամբողջ մի ինստիտուտ հիմա ուղղված է կոնկրետ դեպքի ուսումնասիրությանը: Տուժողների իրավահաջորդները տալիս էին անհավանական տեղեկատվություն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մայրերի նկատմամբ ոստիկանների կողմից ուժի կիրառմանը, ապա գլխավոր դատախազը նշեց, որ այս խնդիրը բարձրացվել է, և այդ առումով նախապատրաստվել է օրենքի նախագիծ և այն շրջանառության մեջ է, Ազգային ժողովի կողմից այդ օրենքի մի մասն արդեն ընդունվել է:  Ինչ վերաբերում է բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվին, ապա Կոստանյանը նշեց, թե դրանց թիվը կրճատվել է, ի տարբերություն հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով զոհերի թվի: