Բավ է պառակտվել
31-07-2015 10:56

Ամուսիններին սպանողը Վրաստանի քաղաքացի է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Հատուկ քննչական կոմիտեից հայտնում են, նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, հրազենից կրակոցներ է արձակել Հովհաննես Մխիթարյանի և վերջինիս կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի արդյունքում հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, նրանք մահացել են: Ըստ նախնական քննության արդյունքների՝ ամուսինների վրա հրազենից կրակոցներ է արձակել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 44-ամյա Տ. Մանուկյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի, Կ.Ուլնեցու 30 շենքի 2-րդ մուտքի նկուղում, որտեղ էլ վերջինս, ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, հայտնաբերվել է՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, և տեղափոխվել բժշկական կենտրոն: Նախնական տվյալների համաձայն՝ Տ.Մանուկյանն ինքն իրեն է պատճառել հրազենային վնասվածք. ըստ նախանական քննության տվյալների՝ Մխիթարյանները սպանվել են նույն զենքով: Նկուղի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, 1 հատ փամփուշտ և փամփշտատուփ: Համաձայն բժիշկի կողմից տրված տեղեկանքի՝ Տ.Մանուկյանն ի վիճակի չէ ցուցմունքներ տալ: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Տ.Մանուկյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որը բավարարվել է: Հարցաքննվել են մի շարք վկաներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նախաքննությունը շարունակվում է: