Բավ է պառակտվել
01-04-2015 08:59

Հայաստանը «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ գործով կվճարի մոտ 62 հազար եվրո

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Գործով դիմումատուներն են ամուսիններ Բագրատ և Նարինե Նալբանդյանները ու նրանց աղջիկը՝ Արևիկ Նալբանդյանը։ 2005թ․-ին Բագրատ և Նարինե Նալբանդյանները մեղավոր են ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել 9 և 14 տարվա ազատազրկման՝ Արևիկ Բագրատյանի համադասարանցիներից մեկին սպանելու մեղադրանքով։ Արևիկ Բագրատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Գործը վերաբերում է կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքին և նրանց նկատմամբ քրեական դատավարության անարդարությանը։ Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա (խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելք) դիմումատուները պնդում են, որ իրենց նկատմամբ վատ վերաբերմունք է եղել կալանքի տակ գտնվելու ժամանակ 2004թ․-ի հունիս և հուլիս ամիսներին։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով (արդար դատաքննության/ իրավաբանական օգնություն ստանալու / դատարանի մատչելիության իրավունք) դիմումատուները նաև պնդում են, որ դատական լսումների ժամանակ դատարանի դահլիճում մշտական անկարգությունների մթնոլորտը թույլ չի տվել իրենց փաստաբաններին կատարել իրենց գործառույթները։ Վերջապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով Բագրատ Նալբանդյանը բողոքել է, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է ըստ էության քննել իրենց փաստաբանի բողոքը։ Այս ամենից ելնելով, ՄԻԵԴ-ը գտել է, որ Նարինե և Արևիկ Նալբանդյանների մասով տեղի է ունեցել խոշտանգում (հոդված 3), խախտվել է 3 դիմումատուների քննության իրավունքը (հոդված 3), Բագրատ և Նարինե Նալբանդյաների՝ 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված իրավունքները։ Որպես արդարացի բավարարում ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Բագրատ Նալբանդյանին պետք է տրվի 10,000 եվրո, Նարինե Նալբանդյանին՝ 27,000 եվրո և Արևիկ Նալբանդյանին՝ 25,000 եվրո։ Եվս 100 եվրո 3-ին միասին՝ այլ ծախսերի համար։