Բավ է պառակտվել
12-02-2015 10:11

Մամուլի ազատության ինդեքսում պահպանել ենք 78-րդ հորիզոնականը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում նվում է, որ Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքսում» պահպանել է նախորդ տարվա իր դիրքերը եւ զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը կորցրել է 2 հորիզոնական եւ զբաղեցրել 162-րդ տեղը՝ դրանով իսկ հայտնվելով վատագույն ցուցանիշներ ունեցող 25 պետությունների ցուցակում։ Ինչպես նշված է զեկույցում, Ադրբեջանում մամուլի ազատությունն առավելագույնս սահմանափակված է։ Բոլոր նրանք, որոնք ինչ-որ կերպ պահպանել էին իրենց անկախությունը, «կոտրվել են ֆինանսական ճնշման տակ» կամ պարզապես նրանց գործունեությունը դադարեցվել է իրավապահ մարմինների կողմից։ 

Վրաստանը «Մամուլի ազատության ինդեքսում» բարելավել է իր դիրքերը 15 հորիզոնականով ու զբաղեցնում է 69-րդ տեղը։ 

Թուրքիան բարելավել է իր դիրքերը 5 կետով եւ զբաղեցրել 149-րդ հորիզոնականը։ Անցյալ տարվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 40 լրագրող, աշխատանքից ազատվել են իշխանություններին քննադատող մի շարք ընդդիմադիր լրագրողներ։ Երկրում առկա է համացանցի գրաքննադատություն։

Զեկույցում նշվում է, որ լրատվամիջոցների ազատության մակարդակը ողջ աշխարհում «կտրուկ անկում է գրանցել»։ Այդ իրավիճակը պայմանավորված է ծայրահեղական խմբավորումների, մասնավորապես «Իսլամական պետության» եւ «Բոկո Հարամի» գործունեության ակտիվացմամբ։ Ըստ զեկույցի՝ հետազոտությանը մասնակցած 180 երկրների 2/3-ը գրանցել է նախորդ տարիների համեմատ վատագույն արդյունքը։

Ինչպես հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» փարիզյան ներկայացուցչության նախագահ Քրիստոֆ Ֆելաուրը, մամուլի ազատության վիճակի վատթարացումը պայմանավորված է մասնավորապես տեղեկատվական պատերազմներով եւ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից մամուլի վրա գործադրվող ճնշումներով։