Բավ է պառակտվել
31-03-2015 14:44

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ

Հայաստանում անհրաժեշտ են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ փոփոխություններ «Կուսակցության մասին» օրենքում: Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Սահմանադրական բարեփոխումները քաղաքացիական հասարակության տեսակետից» քննարկումների ընթացքում: Նրա խոսքով՝ ներկայումս կուսակցությունները ձևավորվում են գործարքների հիման վրա, և իրենց հետագա գործունեության ընթացքում ղեկավարվում են դրանցով: Նրանք որևէ պատասխանատվություն չեն կրում ոչ ընտրողների, ոչ նույնիսկ սեփական կուսակցության շարքային անդամների առջև: Դեռ ավելին, քաղաքագետի կարծիքով՝ կուսակցություններում գործում է ավտորիտարիզմը, ահա թե ինչու, գալով իշխանության գլուխ, այդ կուսակցությունները փոխանցում են իրենց մեթոդները երկրի կառավարման ոլորտ: «Գործող օրենքը չի ենթադրում որևէ պատասխանատվություն, չկան հռետորության և գաղափարախոսության սահմանափակումներ, և փաստացի իշխանության գլուխ կարող է գալ նաև ֆաշիստական գաղափարախոսությամբ կուսակցություն», - հայտարարեց նա, հավելելով, որ ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները նույնիսկ ավելի անհրաժեշտ են, քան սահմանադրական բարեփոխումները: Իր հերթին ակտիվիստ Արմեն Գրիգորյանը վերը նշված փոփոխությունների համատեքստում մատնանշեց բոլոր կուսակցությունների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ ներկայումս իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փաստացի մենաշնորհային դիրքեր է գրավել քաղաքական դաշտում: Այս պայմաններում խորհրդարանական համակարգին անցնելը ավելի վտանգավոր է, որովհետև այն անսահմանափակ հնարավորություններ կստեղծի ՀՀԿ-ի դեմքում մենաշնորհ ունեցողի համար: