26-05-2015 12:24

ՀՀ-ը և Իրանը մտադիր են համագործակցել պաշտպանության ոլորտում

Մայիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները: Այցի ընթացքում կայացել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանի և վերջինիս տեղակալ, բրիգադի գեներալ Ֆիրուզ Մասիհ Փուրի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը` Հայաստան այցելելու վերաբերյալ: Բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին սիրով ընդունել է Սեյրան Օհանյանի հրավերը, և խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Մալեք-Աշթար գիտատեխնոլոգիական համալսարան, Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև Էթկա ընկերություն: Այցելությունների ընթացքում կայացել են հանդիպումներ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ - «Մալեք Աշթար» համալսարանի ղեկավար, բրիգադի գեներալ Ռեզա Մոզաֆարի Նիայի, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պետ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Նասրոլլահ Քալանթարի և Էթկա ընկերություն ղեկավարության հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: