Բավ է պառակտվել
13-05-2015 17:36

Քննարկվել են Երևանի և ֆրանսիական քաղաքների համագործակցության հեռանկարները

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության բնապահպանության, կայուն զարգացման և էներգետիկայի նախարարի խորհրդական Սետարե Մերժենի հետ Երևանի և ֆրանսիական քաղաքների հնարավոր համագործակցության հեռանկարներն են քննարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի, զարգացման և ներդրումային ծրագրերի, տրանսպորտի և կոմունալ տնտեսության վարչությունների պետերը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը և համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյյոնը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան հետ մի շարք ծրագրեր է կյանքի կոչել և այսուհետ էլ պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը: Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային առաջնահերթությունները` նշելով, որ քաղաքապետարանը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության համար: Իրենց ղեկավարած ոլորտների ապագայի տեսլականներն են ներկայացրել նաև քաղաքապետարանի տրանսպորտի և կոմունալ տնտեսության վարչությունների պետերը: