Բավ է պառակտվել
07-05-2014 13:32

Քուվեյթը կֆինանսավորի ՛՛Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ՛՛-ի վերանորոգման համար

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը եւ Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, այսօր՝ մայիսի 7-ին, ստորագրել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների կատարման համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին պայմանագիր:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագրով նախատեսվում է տուն-ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցող բնակիչների համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով հայկական կողմին տրամադրել 1 մլն. ԱՄՆ դոլար:

«Շնորհակալություն եմ հայտնում Քուվեյթի Պետությանը եւ անձամբ պարոն դեսպանին՝ մեր դիմումին արձագանքելու համար: Սա համագործակցության լավ սկիզբ է, ինչը հնարավորություն կտա խնամքի կարիք ունեցող եւ հաշմանդամ 60 անձի մատուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան ծառայություններ»,- նշեց նախարարը:

Պարոն Ալ-Քաբանդին եւս շնորհակալություն հայտնեց նախարարին՝ նշելով, որ քուվեյթյան կողմն իր աջակցությունը չի սահմանափակելու միայն այս ծրագրով: «Երկու նախարարների՝ առաջիկայում սպասվող հանդիպումից եւ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո մենք կիրականացնենք այլ ծրագրեր եւս: Մենք փոքր պետություններ ենք, ունենք նման խնդիրներ եւ կարիք՝ միմյանց օգնելու»,-նշեց դեսպանը:

Նախատեսվում է մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտել մեկ տարում: