Բավ է պառակտվել
23-01-2015 11:27

Պաշտոնյաները յուղ լցրեցին կրակի վրա իրենց իրարամերժ հայտարարություններով. Քոչարյանը Գյումրի սպանդի մասին

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, որ ցնցեց ողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆեյսբուքյան իր ոչ պաշտոնական էջում: «Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետեւանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել եւս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ եւ շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, եւ առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր եւ, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա: Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես եւ իմ ընտանիքը խորապես ցնցված ենք եւ կիսում ենք բոլորի վիշտը», - ասել է Քոչարյանը: