Բավ է պառակտվել
16-07-2014 15:07

Քննարկվում է ՛՛Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին՛՛ օրենքի զեկույցները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ եւ 6-րդ պարբերական զեկույցները: Ներկայացվել են փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ 2012 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի իրականացրած աշխատանքները, որոնք համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց նկատառումներն ու դիտարկումներն են հայտնել զեկույցների առնչությամբ: Ամփոփելով կարծիքները՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել փաստաթղթերը հնչած բոլոր առաջարկություններով եւ ներկայացնել խրհրդի վերջնական հաստատմանը:

Մեկ այլ հարցով քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման եւ կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմի մշակման հարցը: Այդ համատեքստում արծարծվել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության ակտիվացմանը, մոտեցումների վերանայմանը, կազմի ընդլայնմանը վերաբերող, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել եւ մինչեւ սեպտեմբեր ներկայացնել խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների առաջարկություններ: «Մենք շահագրգռված ենք մեծացնելու կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը եւ´ հասարակական-քաղաքական, եւ´ տնտեսական դաշտում: Այդ ուղղությամբ քայլեր արդեն իրականացրել ենք, եւ գործընթացը պետք է շարունակական լինի», - եզրափակել է կառավարության ղեկավարը: