04-03-2014 19:07

Քննարկվել են Գյումրու փողոցներում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Գյումրի քաղաքի որոշ փողոցներում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր:

Այս մասին հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Խորհրդակցությանը մասնակցել են Գյումրիի քաղաքապետը, Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերության կառավարումն ստանձնած ընկերության, Գյումրիում ջրամատակարարման համակարգի վերանորոգման ծրագրի խորհրդատու և ծրագիրն իրականացնող շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքների և եղանակային պայմանների պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային ծածկով փողոցներում: Քաղաքապետը և ծրագրի պատասխանատուները վստահեցրել են, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:

Փոխվարչապետը բոլոր կողմերին հորդորել է աշխատել համակարգված: Նա ծրագրի պատասխանատուներին առաջարկել է աշխատանքները կազմակերպելիս հաշվի առնել ինչպես քաղաքի փողոցների կառուցապատման, այնպես էլ բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները:Մասնավորապես, առաջարկվել է աշխատանքներն ավարտել մինչև հոկտեմբեր, որպեսզի հետագայում լրացուցիչ դժվարություններ չառաջանան բնակիչների համար:  

Խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ընդգծել են քաղաքի ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի կարևորությունը, որը ենթադրում է ցանցի ամբողջական վերականգնում ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդային փողոցներում: