Բավ է պառակտվել
18-06-2014 11:18

Սիրիահայերը հավատարիմ մնացին իրենց երկրին և համայնքին

Քեսաբի ազատագրումը հույս ներշնչեց հալեպահայությանն առ այն, որ հաղթանակի ճանապարհը դեպի Հալեպ կառաջնորդվի։ Եկել է Հալեպի վերակառուցման աշխատանքները գործնական հարթակ տեղափոխելու ժամանակը։ Այս մասին նշված է «Սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնի» տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է.

«Սիրիայի ապրած դաժան տագնապի ընթացքում սիրիահայությունն իր կեցվածքով քաղաքացիական վարք դրսեւորեց՝ հավատարիմ մնալով իր երկրին եւ համայնքին, իր եկեղեցիներին, դպրոցներին, ազգային, մշակութային ու մարզական կյանքին։

Այսօր, Քեսաբի ազատագրման ուրախությամբ համակված՝ շնորհավորում ենք սիրիահայությանը եւ մեր երախտագիտությունը հայտնում սիրիական բանակին, որը բազմաթիվ զոհողությունների գնով վերադարձրեց Քեսաբը։

Սիրիայի տարածքում շարունակվող դժվարին իրավիճակի պայմաններում Հալեպի կացությունն առ այսօր շարունակում է ծանր մնալ։ Վերջին օրերին Հալեպում եւ, մասնավորապես, Նոր գյուղ թաղամասում իրականացված բարբարոսությունների հետեւանքներն ահավոր էին հալեպահայերի համար՝ թե՛ հավաքական, թե՛ անհատական իմաստներով։

Այս կացության մեջ սիրիահայության մայրաքաղաքը համարվող հալեպահայ համայնքը շարունակում է իր գոյությունը՝ հուսալով, դիմանալով, փորձելով առաջ ընթանալ։

Քեսաբի ազատագրումը հույս ներշնչեց հալեպահայությանն առ այն, որ հաղթանակի ճանապարհը դեպի Հալեպ կառաջնորդվի։ Եկել է Հալեպի վերակառուցման աշխատանքները գործնական հարթակ տեղափոխելու ժամանակը։

Այսօր հրամայական է դարձել օժանդակությունները Հալեպի վրա կենտրոնացնելը։

Այժմ ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները մեզ հետ ձեռք-ձեռքի կտան՝ մեր հույսն ամրապնդելու եւ հալեպահայ համայնքի վերաշինմանը եւ վերակենդանացմանը նպաստելու համար։ Հալեպը միայն հալեպահայության օրրանը չէ, այլ Արեւմտահայաստանից գաղթած ողջ հայության։

Այդ սրբազան երկրից բերված ազգային արժեքների շնորհիվ է, որ համայնքն այսօր այնքան հայկականությամբ է գործում:

Հալեպի հաղթանակի ավետիսը լսելու պատրաստ լինելու համար նախապատրաստվել է պետք։ Հուսով ենք՝ մեր ակնկալիքները համապատասխան արձագանք կգտնեն»։