Բավ է պառակտվել
12-02-2014 16:18

Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2013թ. կատարած աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ: ՙԵրևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱԻՆ միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն արտացոլված է նաև տարեկան ամփոփիչ հաշվետվությունում: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա տարիներին մենք էլ ավելի կընդլայնենք համագործակցության շրջանակներն ու այն պատասխանատվությունը, որ կրում ենք Երևանի ու երևանցիների առջև, կկարողանանք վերածել առավել արդյունավետ աշխատանքների՚,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Հաշվի առնելով մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ միջոցների առկայության կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատական՝ համայնքային բյուջեից վերոնշյալ հաստատությունների համար կրակմարիչներ գնելու նպատակով:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն էլ իր հերթին, ընդգծել է, որ համագործակցված աշխատանքն իսկապես հաջողված է ու առանձնանում է շատ որոշակի ձեռքբերումներով: Նախարարը նաև նկատել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Բավարար գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքային ստորաբաժանումների նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցությունը ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչությանը՝ մայրաքաղաքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Ամփոփիչ նիստի շրջանակում Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության, արտակարգ իրավիճակների կանխմանն ու հնարավոր հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՙԵրևան քաղաքի պատվավոր փրկարար՚ հուշամեդալով է պարգևատրել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ 2013թ. ընթացքում կատարած արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի ու շնորհակալագրերի:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն էլ ՀՀ ԱԻՆ ՙՊատվավոր աշխատակից՚ մեդալով է պարգևատրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: