12-09-2014 15:33

Տարոն Մարգարյանն ընտրվել է ՃՇՀԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամներն առաջադրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ իր նախագահության ընթացքում կշարունակի անել հնարավորը բուհի առջև ծառացած խնդիրների լուծման և ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ. «Անցած երեք տարիների ընթացքում, լինելով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահը, մեր համատեղ աշխատանքը գնահատում եմ իսկապես արդյունավետ և վստահեցնում եմ, որ հաշվետու նոր ժամանակահատվածում ևս շարունակելու ենք աշխատել նույն սկզբունքով ու մոտեցումներով՝ է՛լ ավելի արդյունավետ դարձնելով մեր աշխատանքը ինչպես բուհի գիտամանկավարժական, այնպես էլ ուսանողական կոլեկտիվների հետ: Նոր ու առաջադեմ գաղափարների շուրջ համախմբվելով և կատարելագործելով գիտակրթական մեթոդներն ու մեխանիզմները՝ մենք համատեղ աշխատանքով, վստա՛հ եմ, որ կկարողանանք է՛լ ավելի ամրապնդել մեր բուհի տեղը Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների շարքում, ինչպես նաև կկարողանանք նոր ձեռքբերումներ ու հաջողություններ արձանագրել: Ու համոզվա՛ծ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրը դրա համար բավարար կամք ու վճռականություն ունի: Բոլորիս մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ մեր բոլոր նախաձեռնություններում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական աջակցության համար՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանն իր հերթին վստահեցրել է, որ բուհը կշարունակի կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերն ու պահպանելով գիտակրթական ոլորտում ամրագրված ձեռքբերումները՝ բոլոր ուղղություններով ապահովել զարգացման նոր ընթացք:
Նիստի մասնակիցները հաստատել են նաև «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու, ինչպես նաև ռեկտորի ընտրության կարգը:
Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի գիտխորհրդի քարտուղար Լևոն Լևոնյանը ներկայացրել է 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2014թ. նախատեսված ծրագրերը: