Բավ է պառակտվել
15-05-2014 11:52

Ես եղել ու մնում եմ ավանդական հայ ընտանիքի ջատագով. քաղաքապետ

Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի երևանցիներ,

աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:
Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը: Եվ որքան էլ համամարդկային, այդուամենայնիվ, հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի: Ու դա բնական է, քանզի դարեր շարունակ հայ օջախը եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման մի ինքնատիպ միջավայր, որում դաստիարակվել են իրապես ազգային արժեքներ դավանող սերունդներ, ովքեր ստացածը խնամքով պահպանել ու փոխանցել են հաջորդ սերնդին: Եվ հաստատապես հենց սա է եղել մեր ազգի հարատևման ամենակարևոր գրավականը:
Դաստիարակված լինելով ավանդապաշտ հայ օջախում՝ ես եղել ու մնում եմ ավանդական հայ ընտանիքի ջատագով ու ինձ համար երբեք ընդունելի չի լինի օտարածին, ավանդապահ հայ օջախի համար խորթ ցանկացած դրսևորում: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունն է մեր հարատևման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը:
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ բոլորիս ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրով ու հարգանքով լեցուն երկար տարիների երջանիկ կյանք: Թող բոլոր հայ օջախներում թևածի խաղաղությունն ու ուրախությունը և, ինչպես մեր պապերն են ասել, թող ամեն հայ ընտանիք յոթ որդիներով սեղան նստի: