07-03-2014 13:33

Ֆինանսների նախարարության շենքի մոտ ակցիայի ժամանակ քաղաքացին ինքնահրկիզվել է ցանկացել. տեսանյութ

Այսօր, ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունը, որը պայքարում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ, ՛՛ամոթանքի ակցիա՛՛ է կազմակերպել ֆինանսների նախարարության շենքի մոտ:

Նրանց ձեռքում կան պաստառներ, որոնց վրա գրված են «Մենք ենք տերը մեր աշխատավարձերի», «Դեմ ենք մեր փողերի արտագաղթելուն»: Ակցիան ուղեկցվել է թմբուկների զարկերով: Ցուցարարները ցանկանում են տեսնել ու խոսել ֆինանսների նախարարի հետ: Սակայն ոստիկանները փակ շղթա են կազմել ու թույլ չեն տալիս մոտենալ շենքին: Նշենք որ ցուցարարները հրել են ոստիկաններին ու քանդել պատնեշը: Իսկ ոստիկանները ընդվզողներին մեկուսացրեցին: Այս պահին ոստիկանները պաշարել են նախարարության մուտքը և թույլ չեն տալիս մուտքին մոտենալ: Ցուցարարները «ա-մոթ», «ա-մոթ» կոչերով փորձում են հաղթահարել այս արգելքը ևս: Նշենք, որ ակցիայի ժամանակ մի տարեց քաղաքացի ինքնահրկիզման փորձ կատարեց:Նա նախ ներկաներին ցույց տվեց սովետական տարիներին բանկերում իր խնայողությունների կտրոնները, ապա փորձեց իր վրա բենզին լցնելով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխեցին այդ քայլը: Այս պահին ցուցարարները պահանջուն են որպեսզի ֆինանսների նախարարն իջնի ու զրուցի իրենց հետ: