Բավ է պառակտվել
15-09-2015 16:02

40 հազար հայ մնում է Սիրիայում. Գ. Յազըճյան

Պատմաբան Գևորգ Յազըճյանը այսօր անդրադառնալով սիրիահայության ներկայիս վիճակին, ասաց. «Մոտավոր հաշվարկով Սիրիայում մնում է մոտ 40 հազար հոգի՝ Սիրիայի հայազգի քաղաքացիների կեսը: Ավելի քան 16 հազարը գտնվում է Հայաստանում, նույնքան Լիբանանում են և մոտ 10 հազարը գնացել են ծովերից այն կողմ»: Բանախոսը նշեց, որ Սիրիական բանակում ևս մահանում են հայ երիտասարդներ, կա որոշակի քաղաքացիական պարտավորություն, բայց վերջին հաշվով այնտեղ մեր կռիվը չէ.  «Ոչ, ոք, նույնիսկ գերտերությունների ղեկավարները չեն հասկանում, թե այնտեղ ինչ է տեղի ունենում: Սիրիահայությանը այնպիսի հարված է հասցվել, որ նույնիսկ եթե այսօր իսկ խաղաղություն հաստատվի, միևնույնն է հայկական գաղութը այլևս չի վերականգնվի առաջվա տեսքով: Մարդկանց մի մասը արդեն տարբեր երկրներ է տեղափոխվել: Այսօր լրջորեն պետք է մտածենք հայությունն ու ազգային գանձերը այդտեղից դուրս հանելու մասին»: Բանախոսը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, պետք է օգնության ձեռք մեկնի սիրիահայերին. « Կան խնդիրներ, որոնք կապված չեն մեծ գումարների հետ: Կա բնակարանի, աշխատանքի հարց:  Հալեպի հայությունը ամենաաշխատասեր զանգվածներից է, նրանք քարից կարող են հաց քամել, բայց պետք չէ խոչնդոտել նրանց»: Գ. Յազըճյանը նկատեց, որ ամռան ընթացքում սիրիահայ դպրոցականներին հարկավոր էր նախապատրաստել հայկական դպրոցական ծրագրերին.  «Մեծ բացթողում է արվել ամռան ընթացքում: Սիրիայում բոլոր առարկաները դասավանդվում են արաբերեն և երեխաները դժվարությունների են հանդիպում մեր դպրոցներում, դժվար են ընտելանում: Կան ընտանիքներ, որ այդ պատճառով հետ են գնացելկամ մեկնել այլ երկիր»:

 

Մարինե Բարսեղյան