Բավ է պառակտվել
15-11-2017 13:56

Հինգ ուսանողներ հրավիրվել են խորհրդարան՝ խնդրի լուծման ուղիները քննարկելու համար

« Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված տարկետման իրավունքի չեղարկման դեմ բողոքող հինգ ուսնողներ այսօր խնդրի լուծման ուղիները քննարկելու նպատակով հրավիրվել էին խորհրդարան:
Ինչպես նշել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության՝ ավելի վաղ հացադուլ հայտարարած անդամ Դավիթ Պետրոսյանը, իրենք մտադիր են բարձրացնել խնդրի քննարկմանը լայն հասարակության մասնակցության հարցը: « Մեր հետագա քայլերը կախված կլինեն նրանց պատասխանից»,- ընդգծել է Պետրոսյանը:
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 86 պատգամավոր ( իշխող ՀՀԿ խմբակցության, «Ծառուկյան դաշինքի» և Դաշնակցության ներկայացուցիչները), դեմ են քվեարկել «Ելք» ընդդիմադիր խմբակցության 6 պատգամավոր:
Նոր օրինագիծը պարտադիր զինվորական ծառայություն է նախատեսում բոլոր ուսանողների համար: Կրթական նպատակներով բանակից տարկետման իրավունք կտրամադրվի միայն այն ուսանողներին, ովքեր քաղաքացիաիրավական պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ:
Պայմանագրի համաձայն, ուսանողները Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով ուսուցումն ավարտելուց հետո պարտավորվում են զինվորական ծառայություն անցնել ՀՀ ՊՆ կողմից նշված զորամասերում:
Միևնույն ժամանակ, ուսումնառության ընթացքում նրանք պետք է ռազմական պատրաստություն անցնեն: Ծառայությունն այդ պարագայում կկազմի երեք տարի՝ սովորական երկուսի փոխարեն: