Բավ է պառակտվել
26-09-2016 18:22

Հինգ պատճառ աշնանը սալոր ուտելու համար

Աշնանը հարկավոր է սալոր ուտել, հենց միայն այն պատճառով, որ դա իր հասնելու ժամանակն է, այն թարմ է և հասած: Սակայն սալորը ոչ միայն գեղեցիկ պտուղ է, այլև աներևակայելի օգտակար է մարսողության համար:

Ներկայացնում ենք սալորի հինգ հիմնական առավելությունները.

1. Դիետիկ է

Սալորը ամենադիետիկ մրգերից մեկն է. չնայած որ բավականին քաղցր է, այն ընդամենը 100 գրամի մեջ 30 կալորիա է պարունակում: Այնպես որ, նիհարել ցանկացողները կարող են խնձորի հետ մեկտեղ նաեւ սալոր ուտել: Այն նաեւ ճարպակալմամբ եւ նյութափոխանակության խանգարումներով տառապող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել:

2. Օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար

Կարծիք կա, որ սալորի բաղադրության մեջ մտնող նյութերը ավելորդ խոլեստերինը անոթներից դուրս բերելու եւ արյունը աթերոսկլերոտիկ գոյացություններից մաքրելու հատկություն ունեն: Բացի այդ, սալորը հատուկ նյութերով է հարուստ, որոնք անոթներով արյան հոսքը բարելավելու եւ տրոմբների գոյացումը կանխարգելելու հատկանիշներով են հայտնի:

Սալորը կարող է նաեւ էրիթրոցիտների սինթեզ խթանել, այդ իսկ պատճառով ակավարյունությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում անպայման սալոր ուտել:

3. Օգտակար է ուռոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի համար

Երիկամների եւ միզասեռական համակարգի մի շարք հիվանդությունների դեպքում սալորը նույնպես կարող է շատ օգտակար լինել. բաղադրիչներից մեկի՝ կալիումի շնորհիվ այն ավելորդ աղերն ու հեղուկը երիկամներից դուրս է բերելու հնարավորություն է ընձեռում:

4. Օգտակար է մկանների համար

Սալորը պետք է անպայման նաեւ սպորտով եւ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց սննդակարգում ընդգրկված լինի: Բանն այն է, որ կալիումը եւս մեկ օգտակար հատկություն ունի՝ այն նյարդային իմպուլսների՝ նյարդա-մկանային հանգույցներին փոխանցումն է խթանում: Այնպես որ սալորը, կալիումի շնորհիվ, օգտակար է մկանների, դրանց աճի եւ զարգացման համար:

5. Հարուստ է վիտամիններով

Սալորը մի շարք՝ ողջ օրգանիզմի համար օգտակար վիտամիններ եւ միներալներ է պարունակում. մասնավորապես, կալիումն ու մագնեզիումը բարելավում են սրտի աշխատանքը, իսկ В խմբի վիտամիններն ու РР վիտամինը օգտակար են աչքերի եւ անոթների համար: