Բավ է պառակտվել
18-01-2015 21:35

Պուտինը ցավակցել է հայ ժողովրդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր խորին ցավակցություններն է հայտնել զոհված Ավետիսյանների մտերիմներին և ողջ հայ ժողովրդին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինը համոզմունք է հայտնել, որ քննչական գործողությունները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում, և մեղավորները օրենքով սահմանված պատիժ կկրեն: Գյումրի ժամանած ռուսաստանյան բժիշկները հայ գործընկերների հետ կցուցաբերեն անհրաժեշտ բուժօգնությունը վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանին փրկելու համար: Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ-ն պատրաստ է Հայաստան ուղարկել բժշկական ինքնաթիռ Մոսկվայում երեխայի հետագա բուժումը իրականացնելու համար: Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում երկուշաբթի սպանվել է մի ողջ ընտանիք, վեց մարդ, այդ թվում նաև երկամյա երեխա: Լուրջ վնասվածքներ է ստացել վեց ամսեկան փոքրիկը, և այժմ նրա կյանքի համար պայքարում են երկու երկրների լավագույն բժիշկները: Այդ հանցագործությունը կատարողը՝ 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը խոստովանել է իր հանցանքը: Նա ինքնակամ լքել է ռազմաբազան, և սպանությունը կատարելուց հետո փորձել է հատել Թուրքիայի սահմանը, սակայն նրան ձերբակալել են: Պերմյակովին սպասվում է ամենախիստ պատիժը մինչև ցմահ բանտարկություն: