Բավ է պառակտվել
29-06-2016 17:06

ՌԴ-ն չեղարկում է Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության սահմանափակումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության համար գործող սահմանափակումների հարցը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ կհանձնարարի կառավարությանը բանակցություններ սկսել համապատասխան թուրքական գերատեսչությունների հետ՝ առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ վերացվելու են Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության հարցում գործող սահմանափակումները: Ընդ որում՝ ցանկալի է, որ թուրքական կառավարությունը լրացուցիչ քայլեր ձեռնարկի Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ:
Ավելի վաղ նշվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպման մասին։
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ երկրների նախագահները վճռականություն են հայտնել վերականգնել երկու երկրների միջև փոխհարաբերությունները և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, դրա համար հարկավոր է կատարել «անհրաժեշտ քայլեր»:
Հայտնի է, որ նախագահների հեռախոսազրույցը տևել է 40 րոպե: Զրույցի մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: