01-08-2016 14:16

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
« Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած հավաքի դադարեցմանն ուղղված միջոցառումների ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների ոչ իրավաչափության, ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց կողմից ցուցարարաների նկատմամբ ուժի կիրառման, ցույցին չմասնակցող, խաղաղ բնակիչներին ոստիկանների կողմից ցույցը ցրելու գործընթացում ներքաշելու վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայութուն՝ նյութեր նախապատրաստելու և դեպքերի մասնակից կողմերի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Քիչ առաջ ՄԻՊ աշխատակազմից հայտնեցին, որ Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից գործադրած բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետևանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաև Սարի Թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման հարուցման հարցը լուծելու նպատակով:
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։