Բավ է պառակտվել
13-05-2015 14:41

Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը. Սեյրան Օհանյան

Զինված ուժերի կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ հայրենի եզերքի սահմանների պաշտպանության ապահովումը, այդ խորապատկերում՝ մարտական հերթապահության կրման պայմանների, տեխնիկական հնարավորությունների զարգացումն ու դիտարկման համակարգերի կատարելագործումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է անցած տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները, մանրամասնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված գործողությունները, կարևորել միջազգային համագործակցությունը: Ըստ Սեյրան Օհանյանի՝ միջազգային համագործակցության ոլորտում շարունակում են պահպանվել բանակցային և գործընկերային հարաբերությունների գործող շրջանակները և չնայած միջազգային հակամարտությունների աճին, ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է ապահովել օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համաչափ զարգացում՝ պահպանելով միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը:

«Հաշվետու ժամանակահատվածում մարտական հերթապահությունը նշանավորվեց ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում կտրուկ լարման դեպքերով, որոնք չէին հասել թեժացման նման մակարդակի։ Սա արտահայտվեց նաև անցյալ տարվա ամառային «մինի» պատերազմով և ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի դավադիր խոցմամբ, տարեմուտի նախահարձակ գործողություններով։ Սակայն դիրքապահների հմուտ քայլերի և հակառակորդի դեմ պայքարի խելացի մարտավարության շնորհիվ նրանց գործողությունները չեն հանգեցրել ռազմավարական նպատակների իրականացմանը: Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը, իսկ հասարակությունն ավելի է համախմբվել»,- նշել է Սեյրան Օհանյանը:
«Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հետևողականորեն գնում ենք դրան։ Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն և հարցերը լուծվեն փոխըմբռնման և մեր շահերի գերակայման պայմաններում»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ չնայած մայիսի 12-ին լրանում է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի պայմանագրի կնքման 21 տարին, սական այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել։ Անրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցին նախարարը նշել է . «Ռուսական զենքի հայտնվելն Ադրբեջանում, իհարկե, մեզ մտահոգում է։ Դա յուրաքանչյուր սուվերեն պետության խնդիրն է։ Կարծում եմ, որ ՌԴ ղեկավարությունը այդ ամենի հետ մեկտեղ վերահսկելի վիճակում է պահում մեր տարածաշրջանն ու հարևաններին, մանավանդ, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»: