Բավ է պառակտվել
19-10-2015 09:30

Ռուսաստանի դեմ «ջիհադ» է հայտարարվել

Սիրիական ռազմադաշտում ծավալվող գործընթացներին Ռուսաստանի ուղղակի ներգրավումը և ընտրված թիրախներին հասցվող շեշտակի հարվածները չէին կարող անարձագանք մնալ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող հակակառավարական խմբավորումների կողմից: Թե ինչպիսի՞ զարգացումներ սպասել ծայրահեղականներից, gisher.news-ն հետաքրքրվել է արաբագետ Արմեն Պետրոսյանից. «Արձագանքն էլ իրեն երկար սպասեցնել չտվեց: Այսպես, ռուսական օդատիեզերական ուժերի առաջնային թիրախ համարվող և սիրիական ռազմադաշտի երկու ամենալուրջ և կազմակերպված դերակատարներն՝ «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրան»(ՋՆ) և «Իսլամական պետությունը» (ԻՊ) մեկը մյուսին հաջորդելով ջիհադ հայտարարեցին նախ Ռուսաստանի, Արևմուտքի դեմ և ապա՝ սեփական  ուժերին շատ ավելի վայրագորեն գործելու կոչ ուղղեցին Արաբական Հանրապետության տարածքում Մոսկվայի հովանավորյալ ուժերի և դավանական խմբերի հանդեպ (ավելի վաղ Ռուսաստանին պատերազմ էին հայտարարել սիրիական հակակառավարական մի շարք այլ խմբավորումներ ևս)»: Արաբագետը մանարամասնելով նշեց, որ հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան  նախ շրջանառության մեջ դրվեց ՋՆ առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի, ապա՝ հոկտեմբերի 13-ին՝ ԻՊ-ի տեղեկատվության հարցերով պատասխանատու Մուհամմադ ալ-Ադնանիի աուդիոուղերձները, որոնց բովանդակության մեջ հիմնական ընդհանրություններ կային՝ հատկապես Սիրիայում Ռուսաստանի գործողությունների առնչությամբ: «Կովկասում և ամենուր ռուս զինծառայողների և քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու կոչերը, կարծես, ամենաառարկայական գործողությունն է, որ ներկայում կարող էին անել իսլամական ծայրահեղ արմատական կառույցները»,-ընդգծեց փորձագետն ու շարունակեց. «Այս համատեքստում, մինչ այժմ Սիրիայի տարածքում գործող հակակառավարական որոշ խմբավորումների (խոսքը չի վերաբերում վերոնշյալ կառույցներից և ոչ մեկին) հաջողվել է մի քանի անգամ հրթիռակոծել Դամասկոսում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության շինությունն ու հարակից տարածքներն, ինչի հետևանքով որոշ անէական վնաս է հասցվել դեսպանատանը»:  Ինչ վերաբերում է Լաթակիային և Տարտուսին, որտեղ տեղակայված են ռուսական զինուժի միավորներն, ապա, ըստ Արմեն Պետրոսյանի խոսքի,  ռուսական կողմի մարտավարական առաջնային խնդիրներից մեկը հենց այդ օբյեկտների բարձրագույն մակարդակի անվտանգության ապահովումն է, ինչը փորձում են ներկայում իրականացնել ռուսները՝ հատկապես Լաթակիայի՝ ընդդիմադիրների վերահսկողության ներքո գտնվող ծայրամասային շրջանները սիրիական բանակի վերահսկողությանը վերադարձնելուն միտված հատուկ ռազմագործողությունների միջոցով: «Ինչ խոսք, չի բացառվում, որ պայմանավորված սիրիական հակամարտության շրջանակներում որոշ հնարավոր զարգացումներով, ծայրահեղական կառույցները նաև որևէ կերպ ձեռք բերեն այնպիսի սպառազինություն, որով կարողանան խոցել ռուսական մարտական ինքնաթիռները, բայց ներկայում նրանք զուրկ են նման հնարավորությունից»,- ասաց արաբագետը: Ինչ վերաբերում է Սիրիայից դուրս ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու հավանականությանն, ապա դրանց վերաբերյալ հնչած կոչերը առնվազն ներկայում կարող են ունենալ զուտ հոգեբանական ազդեցություն, վստահություն հայտնեց մասնագետը: «Բանն այն է, որ որքան էլ ազդեցիկ լինեն ԻՊ-ը և ՋՆ-ը Սիրիայի և Իրաքի տարածքներում, այնուամենայնիվ, ինքնուրույն ահաբեկչական գործողություններ Ռուսաստանի տարածքում նախաձեռնելու՝ կառույցների հնարավորությունները դեռևս չափազանց սահմանափակ են»,-նշեց զրուցակիցս: Ավարտելով ծոսքը արաբեգոտը նշեց. «Գուցե նրանց ուղերձները ոգեշնչեն, եզակի գործողությունների մղեն իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով զինված որոշ անհատ մահմեդականների, բայց կազմակերպված հարձակման համար անհրաժեշտ ներուժը կառույցների մոտ, անշուշտ, դեռևս բացակայում է»: 

Տաթև Առաքելյան