Բավ է պառակտվել
10-11-2017 15:10

Ուսանողների բողոքի ալիքը նոր թափ է առնում. նրանք կհավաքվեն խորհրդարանի շենքի մոտ

Երևանում ուսանողներն արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիա են իրականացնում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով նախատեսված բանակից տարկետման իրավունքի չեղարկման դեմ:
Օրինագծի համաձայն նախատեսվում է սահմանափակել տարկետման իրավունքը՝ բուհերում պետպատվերով սովորող ուսանողների համար։ Հոկտեմբերի 27–ին Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց այն։ Օրինագիծը հասարակական դժգոհության բուռն ալիքի պատճառ է դարձել:
Որբաթ առավոտյան ուսանողները հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաճյուղի մոտակայքում, նրանք շարունակում են դասադուլը և հայտարարում են, որ մտադիր են ուղղվել դեպի Ազգային ժողովի շենք:
« Մենք պետք է ամրացնենք մեր շարքերը, նոր խմբեր ներգրավենք: Այսօր խորհրդարանական կոմիտեն պետք է քննարկի այդ օրենքը, և մենք այնտեղ կլինենք, մենք պետք է մասնակցություն ունենանք այդ քննարկմանը»,- հայտարարել է « Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Տվյալ պահին ուսանողները քայլերթով անցնում են ԵՊՀ բոլոր մասնաշենքերով:
Նախօրեին տեղի ունեցավ բողոքող ուսանողության ներկայացուցիչների հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն քննարկման արդյունքում ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց:
Դավիթ Պետրոսյանը նշել է, որ վարչապետն իրենց առաջարկել է պահանջները ներկայացնել՝ խորհրդարանում օրինագծի վերջնական հաստատումից հետո միայն: Իսկ ուսանողները գտնում են, որ իրենց առաջարկները պետք է դիտարկվեն նախօրոք, և ընդգրկվեն օրինագծի վերջնական տարբերակի մեջ:

Նոր օրինագծի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրվի միայն այն ուսանողներին, ովքեր պաշտպանության նախարարության հետ կկնքեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացու ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Ընդ որում, ծառայության ժամկետն այս պարագայում կլինի երեք տարի՝ ի տարբերություն սովորական երկուսի: