Բավ է պառակտվել
15-03-2017 17:45

96 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ Փաշային

Այսօր, մարտի 15-ին լրացել է հայ ժողովրդի 20-րդ դարի պատմության ամենանշանակալից իրադարձության 96- ամյակը:
1921թ. մարտի 15-ին հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում, գնդակահարեց 1915թ. հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Օսմայնան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային:
Թեհլերյանը ծնվել է 1897 թ. ապրիլի 2-ին՝ Ներքին Բագառի գյուղում(Էրզրումի վիլայեթ): Ցեղասպանության ժամանակ նրա ողջ ընտանիքը ոչնչացվել է: Վիրավոր Թեհլերյանին հաջողվել էր ողջ մնալ միայն այն պատճառով, որ թուրքերը նրան մահացած են կարծել մեռելների կույտում:
Դրանից հետո նա անդամագրվել է ռուսական գործող բանակին, մարտնչել է Անդրանիկի գնդում: 1918թ. վիրավորում է ստացել և որոշ ժամանակ գտնվել է Թիֆլիսում, իսկ հետագայում՝ Հյուսիսային Կովկասում:
1919թ.-ին Թեհլերյանը մեկնել է Ստամբուլ, որտեղ ոչնչացրել է հայազգի դավաճան Հարություն Մկրտչյանին, ով Թալեաթ փաշայի ներքին գործերի նախարարության գաղտնի գործակալն էր, որ հանրաճանաչ կարգալույծ տերտեր Համազասպի հետ կազմել էր աքսորված, իսկ հետո դաժանորեն սպանված խորհրդարանի հայ պատգամավորների, և բոլոր նրանց ցուցկը, ովքեր հանդես էին գալիս երիտթուրքերի քաղաքականության դեմ, և կարող էր ինչ-որ դիմադրություն ցուցաբերել:
«Նեմեսիս» օպերացիայի շրջանակներում Թեհլերյանին հանձնարարվել էր իրագործել Թալեաթի դատավճիռը: Նա դահճի հետքերով անցավ մի քանի երկրով, և 1921թ. մարտի 15 -ին Բեռլինում վերջապես սպանեց նրան:
Սպանությունից հետո Թեհլերյանը ձերբակալվեց գերմանական իշխանությունների կողմից: 1921թ. հունիսին նրա դեմ Բեռլինում կայացած դատը ըստ էության վերածվեց Ցեղասպանության կազմակերպիչների ՝ երիտթուրքերի պարագլուխների դեմ դատի:
Գործի ընթացքում դատարանը լսեց բազմաթիվ ականատեսների վկայություններ, որոնք մանրամասներ էին պատմում Ցեղասպանության մասին:
Այդ վկայությունները ցնցեցին գերմանական հասարակությանը, որը սարսափով տեղեկացավ կոտորածի մանրամասների մասին, և սկսեց պնդել, որպեսզի Թեհլերյանն արդարացվի:
Թեհլերյանի շահերը պաշտպանում էին երեք փաստաբաններ, որոնց թվում էր նաև դոկտոր-պրոֆեսոր Կուրտ Նիմայերը՝ Քիլի համալսարանի օրենսդրության պրոֆեսորը: Դատարանը եզրակացրեց, որ Թեհլերյանի քայլը կատարվել է աֆեկտի վիճակում և ազատ արձակեց նրան:
Թեհլերյանի դատավարությունը մեծ ազդեցություն ունեցավ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի վրա, ով ավելի ուշ առաջարկեց «ցեղասպանություն» տերմինը, և 1915թ. հայերի կոտորածը ընդունեց իբրև ցեղասպանության հիմնարար օրինակ:
Դատից հետո Թեհլերյանը մոտ երեսուն տարի ապրեց Սերբիայում, ամուսնացավ Անահիտ Թաթիկյանի հետ, ունեցավ որդի և դուստր: 50-ականներին Թեհլերյանի ընտանիքը ներգաղթեց Ամերիկա: Նա մահացավ է 1960 թ. Սան Ֆրանցիսկոյում, և հուղարկավորվեց Ֆրեզնոյում:
1919-1920թթ. Ստամբուլում երիտթուրքերի պարագլուխների դեմ տեղի ունեցած դատավարության ժամանակ նրանց մեղավոր ճանաչեցին Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, և Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի և հույների կոտորածները կազմակերպելու մեջ: Ու գլխավոր հանցագործներին հեռակա կարգով դատապարտեցին մահապատժի:
Հասկանալով, որ հայերի մասսայական կոտորածների մեղավորները անպատիժ են մնալու, 1919թ. հոկտեմբերին Երևանում «Դաշնակցություն» կուսակցության 9-րդ համագումարին, Շահան Նաթալիի նախաձեռնությամբ նրանց վերացնելու որոշում կայացվեց: Օպերացիան իր անվանումը ստացավ վրիժառության հունական աստվածուհի Նեմեզիդայի անունից, և կոչվեց «Նեմեսիս»:
Օպերացիայի շրջանակներում, անցած հարյուրամյակի 20-ական թվականների սկզբին ոչնչացվել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթը, երիտթուրքերի առաջին գրասենյակի նախկին ղեկավար Սայիդ Խալիմը, Տրապիզոնի նախկին քաղաքապետ Ջեմալ Ազիմը, «Թեշքիլաթ-ը մահսուսե» (Հատուկ կազմակերպություն) կազմակերպության հիմնդիր Բեհաեդդին Շաքիրը, Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալը:
Բացի այդ, Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերը, ով 20-ական թվականների սկզբին գլխավորել էր հակախորհրդային շարժումը՝ սպանվեց Կարմիր բանակի հրամանատար, հայ Յակով Մելքումովի ձեռքով:
Բացի երիտթուրքերի առաջնորդներից, հայ վրիժառուները ոչնչացրեցին նաև 1918թ. սեպտեմբերին Բաքվում հայերի կոտորածների կազմակերպման մեջ մեղավոր Ադրբեջանի մուսաֆաթական կառավարության գործիչներին:
1920թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Հուսեյնովին, իսկ 1921թ. հուլիսի 19-ին՝ Միսակ Թորլաքյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրին՝ Շուշիում հայերի կոտորածի կազմակերպչին: