Բավ է պառակտվել
19-02-2016 12:55

Գուրգեն Մարգարյանի սպանությունից 12 տարի է անցել

2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր:
Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ադրբեջանցին: Գուրգենի ու ադրբեջանցու, և ընդհանրապես խմբի անդամների միջև որևէ անգամ կոնֆլիկտ չի եղել: Հունգարացու պատմելով` միջազգային հակամարտության թեման քննարկվել էր միայն մեկ անգամ՝ առաջին օրը, դրանից հետո ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել:
Բալաշը պատմել է նաև, որ փետրվարի 18-ի երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին:
Լեյտենանտի սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ նրա հետ էլ գործը ավարտելու նպատակով: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, Ռամիլը նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային: Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել:
Ադրբեջանցին արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը: Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը` բացելու այն: Բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրոդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը: Նա կանգնեցնում է հայ սպային` մտածելով, որ Սաֆարովը կարող է զինված լինել: Կասկածները փարատելու համար նա զանգում է նույն միջանցքի սենյակներից մեկում ապրող իր հայրենկցին` խնդրում ստուգել, թե ինչ է կատարվում:
Մինչ այդ Սաֆարովը արյունոտ կացինը ձեռքին սկսում է խելակորույս մյուս սենյակներում փնտրել Հայկին, բոլորին ասել է, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Այդ ժամանակ մյուս լիտվացին ու ոստիկանության աշխատակիցները մոտենում են:
Ոստիկանության աշխատակիցներին արյունարբու Սաֆարովն ասում է, որ իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէ, այլ ողջ հայ ազգի: Նշենք, որ ոստիկանությունն էլ քաղաքական մոտիվացիա տվեց սպանությանը: Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 2012 թվականի օգոստոսին Սաֆարովը տեղափոխվեց Ադրբեջան՝ իբր հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Սակայն արդարացվեց ու ազգային հերոս ճանաչվեց: «Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:

Ես դա հանդուրժել չե՛մ կարող:
Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի՛ կարող:
Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը»,-զարգացումներից հետո դիվանագետների մասնակցությամբ հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: