Բավ է պառակտվել
23-03-2016 16:28

Բրյուսելում ահաբեկչություններից հետո կորած հայ երիտասարդներին գտել են

Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հայ երիտասարդներ չեն կորել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, հայտնեցին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից՝ նշելով, որ դեսպանատուն երկու դիմում է ստացվել, որ հարազատները չեն կարողանում գտնել երկու հայ երիտասարդի, սակայն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ երիտասարդների հարազատները կարողացել են կապ հաստատել նրանց հետ և երիտասարդները գտնվել են:

Դեսպանատնից հայտնել են, որ Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան:

Նախօրեին նշվել էր, որ Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, ինչպես նաև քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով:

Ավելի վաղ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի լրատվության և PR պատասխանատու Պետո Դեմիրճյանը հայտնել էր, որ խոսակցություններ կան, որ Բրյուսելում ահաբեկչական հարձակումների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել, որի ինքնությունը դեռ պարզ չէ, սակայն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Պայթյուններ է որոտացել նաև մետրոպոլիտենի Մելբեկ և Շուման կայարաններում։ Ընդհանուր առմամբ կա 34 զոհ և 200-ից ավելի վիրավոր: