29-01-2015 17:04

Էրդողանի հրավերը կարճատես, ապարդյուն և ցինիկ քայլ է. ՀՀ նախագահ

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու համար՝ չափազանց կարևորելով այսպիսի ձևաչափով նիստի անցկացումը, որը, նրա խոսքով, թույլ է տալիս միասին արդյունավետորեն քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:

Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները: Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է մինչ այժմ պետական հանձնաժողովի կատարած աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, նիստի օրակարգի շրջանակներում քննարկման ներկայացվելիք կարևորագույն հարցերին: Հանձնաժողովի անդամներն ըստ այդմ կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ոգեկոչման միջոցառումների, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների մասին հարցերը: Նիստի ընթացքում տեղի կունենա նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքէջի շնորհանդեսը:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Գերաշնորհ և հոգեշնորհ հայրե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալ եմ բոլորիդ` հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի այս նիստին անձամբ ներկա գտնվելու համար: Հասկանում եմ, որ բոլոր ներկաների ժամանակացույցը գերծանրաբեռնված է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Չափազանց կարևոր եմ համարում, որ այսպիսի արդյունավետ ձևաչափը թույլ է տալիս միասին քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել: Այս օրերին մենք տրամաբանական ավարտին ենք հասցնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և մեկնարկ տալիս դրանց իրականացմանը: Հենց նոր մենք բացեցինք ցեղասպանության օրերին մեր ժողովրդի կրած տառապանքների և, միևնույն ժամանակ, հերոսական հակադարձի խորհրդանիշ դարձած Կոմիտասի թանգարանը: Տարիներ առաջ հենց այս դահլիճում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում առաջարկեցինք, որ այդ հիմնադրամին պատկանող և Կոմիտասի պանթեոնում գտնվող նախկին մշակույթի տան լքված շենքը հատկացվի հենց այդ նպատակին: «Փյունիկ» հիմնադրամի և մեր հանձնաժողովի անդամ պարոն Գաբրիել Ջամբարջյանի ֆինանսավորմամբ, ճանաչված և սիրված ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով վերակառուցվեց և նոր ցուցադրական տարածքներով լրացվեց այդ շենքը: Մեր երիտասարդ, բայց բանիմաց թանգարանագետ Վարդան Կարապետյանի և իր թիմի մտահղացմամբ ձևավորվեց ցուցադրությունն ու սցենարը, և ահա այսօր մենք ուրախությամբ տեսնում ենք այդ ջանքերի արդյունքը: Բոլոր ներկաների անունից, մեր ողջ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին, ովքեր մասնակցեցին այս ծրագրի իրականացմանը: Շատ եմ կարևորում, որ այդ նոր շենքում հիմնադրում ենք հենց թանգարան-ինստիտուտ, որտեղ կոմիտասյան ժառանգությունը ոչ միայն կներկայացվի հանրությանը, այլև կարժանանա մշտական ու մանրակրկիտ գիտական ուշադրության:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա նիստում նախատեսում ենք ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Անշուշտ, սա կարևորագույն մի փաստաթուղթ է, որը բացառիկ է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Առաջին անգամ մենք ընդունում ենք համազգային նշանակության մի փաստաթուղթ ոչ թե պետական որևէ կառույցի միջոցով, ոչ թե մեր ազգի ներկայացուցիչների առանձնացված հատվածներով, այլ ողջ հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր հիմնական կառույցների ներգրավմամբ: Հռչակագրի վրա աշխատել և իրենց հավանությունն են տվել թե՛ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր նվիրապետական աթոռներով, թե՛ սփյուռքի խոշորագույն հոգևոր, բարեգործական, կուսակցական, մշակութային և այլ կառույցները: Մեզ շատ էին մեղադրում այն բանում, թե ինքներս էլ չգիտենք՝ ինչ ենք պահանջում աշխարհից և Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցում: Արդյո՞ք ակնկալում ենք քաղաքական ճանաչումներ տարբեր պետությունների կողմից: Ի՞նչ սպասելիքներ ունենք Թուրքիայից: Ի՞նչ է մեր ուզածը և մեր պայքարի հիմքը: Ո՞ւր ենք քայլում, և ո՞րն է մեր պատգամը ապագա սերունդներին: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա նիստին մասնակցելու հրավիրված մեր խմբագրական հանձնախմբի բոլոր անդամներին` կատարած հսկայական և հմուտ աշխատանքի համար, շնորհակալ եմ պետական հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի անդամներին, ովքեր հարյուրավոր առաջարկություններ, լրացումներ և փոփոխություններ են բերել փաստաթղթի մշակման ընթացքում: Կարծում եմ, որ արդյունքում ստացվել է կուռ և համապարփակ մի տեքստ, որը կդառնա և՛ 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը, և՛ մեր հետագա գործողությունների ուղեցույցը: Հանձնաժողովում հաստատվելուց հետո Հռչակագիրը կհրապարակվի 7 լեզուներով, նաև արևմտահայերեն: Այդպես այն հասու կլինի բոլոր հետաքրքրվողների համար: Խնդրում եմ հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի բոլոր անդամներին, մեր դիվանագետներին, լրագրողներին, մանկավարժներին, 100-րդ տարելիցին անդրադարձ կատարող մեր բոլոր հայրենակիցներին՝ առաջնորդվել հենց այս տեքստով և դրանում պարունակվող դրույթներով` մեր ձայնն ավելի լսելի դարձնելու և մոտեցումների միասնականությունն ապահովելու նպատակով:

Սիրելի՛ գործընկերներ,

Այսօրվա մեր նիստը կնշանավորվի նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքներին մեր անդրադարձով: Ինչպես հիշում եք, անցյալ նիստի ժամանակ մենք ստեղծեցինք մի հանձնախումբ, որն աշխատում է այդ ուղղությամբ: Այսօր մենք կայցելենք թանգարան և ինքներս կտեսնենք աշխատանքների ընթացքը: Ավարտվել են շինարարական աշխատանքներն ինչպես բուն թանգարանում, այնպես էլ ողջ հուշահամալիրում: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Փյունիկ» հիմնադրամին և պարոն Գաբրիել Ջամբարջյանին, «ՎիվաՍել» ընկերությանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և բարերարներ Մաքսիմ Հակոբյանին ու Արմեն Շահազիզյանին` հուշահամալիրի և թանգարանի վերակառուցումը ֆինանսավորելու համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանին, շինարարների ողջ թիմին, նրանց աշխատանքը համակարգող իմ խորհրդական Ֆելիքս Փիրումյանին և, իհարկե, թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ այդ ծանր աշխատանքը պատվով կատարելու համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Մեր միջոցառումների գլխավոր նպատակը միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելն է, մեր պահանջատիրությունը լսելի դարձնելն է միջազգային քաղաքացիական հասարակությանը, պատմաբաններին և ցեղասպանագետներին, իրավաբաններին և քաղաքական գործիչներին, պետություններին: Այսօր մենք ներկա ենք լինելու նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի մեկնարկին: Կայքէջում, բացի մեր ընթացիկ միջոցառումների և ծրագրերի մասին տեղեկատվությունը, տեղադրվելու է նաև 100-րդ տարելիցի վերաբերյալ լրահոս-ամփոփում միջազգային և հայաստանյան մամուլի էջերից: Բայց այն նաև պարունակելու է մեկ այլ լրահոս` քաղված մեկ դար առաջ մամուլում տեղ գտած արձագանքներից: Այսինքն, մենք յուրաքանչյուր օր այդ կայքէջում տեսնելու ենք «նորություններ», որ մեկ դար առաջ հրապարակվում էին հայկական և միջազգային մամուլում: Կարծում եմ, դա օգտակար է լինելու կայքի նկատմամբ մշտական ուշադրություն պահպանելու առումով: Այն նաև նպաստավոր մեխանիզմ է դառնալու աշխարհասփյուռ հայկական դպրոցների համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս նիստը մենք որոշեցինք անցկացնել ընդլայնված ձևաչափով: Հրավիրել ենք տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները: Ես ողջունում եմ արտերկրից ժամանած մեր հանձնախմբերի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնում նրանց անխոնջ ջանքերի ու բացառիկ ներդրման համար: Երբ ծանոթացա հանձնախմբերի կողմից ծավալված աշխատանքի հաշվետվություններին, նրանց կազմած միջոցառումների ծրագրերին, արդեն կատարված աշխատանքին, առաջին հերթին նկատեցի այն հսկայական ուժը, որը մենք ունենք: Վստահ եմ, որ հակառակ բոլոր չարագույժների՝ 100-րդ տարելիցը դառնալու է ոչ թե մեր սփյուռքի և համայնքային կառույցների ինքնասպառման, այլ նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան:

Հատուկ ցանկանում եմ անդրադառնալ մեր այն հայրենակիցներին, ովքեր, արձագանքելով իմ կոչին, սիրով և պատրաստակամությամբ մասնակցություն բերեցին և շարունակում են բերել մեր ծրագրերին աջակցելու հարցում: Իհարկե, մենք համապատասխան միջոցներ նախատեսել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: Սակայն ես շատ եմ կարևորում, որ այս ծրագիրը ֆինանսավորվի մեր ողջ ժողովրդի, մեր բոլոր համայնքների ջանքերով: Դա ինքնին լուրջ ուղերձ է:

Հարգելի՛ գործընկերներ,

100-րդ տարելիցի առանցքներից է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշումը՝ սրբադասելու Հայոց ցեղասպանության նահատակներին և մարտիրոսներին: Դա բարոյական և հոգևոր բացառիկ մի պահ է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ուղղակիորեն առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի:  Ես շատ եմ կարևորում, որ Սրբադասման արարողակարգի ժամանակ մենք հանդես գանք համազգային համախմբման և վերելքի դիրքերից: Կարևորում եմ, որ այդ խորհրդավոր ծեսին համախմբված կերպով հետևեն մեր քույրերն ու եղբայրները ողջ աշխարհում, որ ուղիղ հեռարձակմամբ կարողանան ականատեսն ու մասնակիցը դառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք արարողությանը, նաև հետադարձ կապով տեսանելի լինեն Բաց խորանի մոտ ժողովված մեր հայրենակիցներին: Հիրավի, միավորող պետք է լինի ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19.15-ին բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում զանգերի ղողանջը և գուժկանի 100 հարվածը, դրանից անմիջապես հետո հայտարարվելիք լռության րոպեն: Մեր այսօրվա նիստին նախորդած օրերին կայացել և վաղը շարունակվելու է միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակի մանրակրկիտ աշխատանքը տարածաշրջանային հանձնախմբերի հետ: Խնդրում եմ ապահովել մեր բոլոր կառույցների լիարժեք փոխգործակցությունը` միջոցառումների անցկացման կատարյալ ներդաշնակության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր անցյալ նիստի ժամանակ, Ձեզ հետ խորհրդակցելով, հրավերներ հղեցի մի շարք պետությունների և միջազգային կարևորագույն կառույցների առաջնորդների՝ մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին: Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ: Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն:

Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:

Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը: Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց: Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին: Այն նույն բանտերից, որտեղ օրըստօրե ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր փորձում են ազատորեն արտահայտվել:

Ցեղասպանության հետևանքների հաղթահարման մեր իրավական պահանջները ներկայացնելու հայեցակարգը` անհատական, համայնքային և պետական մակարդակներով, արտացոլվելու է այս հանձնաժողովի որոշմամբ ձևավորված և աշխատանքներն իրականացնող հայ իրավաբանների հանձնախմբի կողմից պատրաստվող համապարփակ թղթածրարում, որի նախապատրաստման ընթացքի մասին այսօր լսելու ենք հանձնախմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանի զեկույցը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօրվա մեր քննարկման առանցքային հարցերից է լինելու նաև առաջիկա տարվա միջոցառումների ծրագիրը: Միջոցառումները համակարգող կազմակերպական կոմիտեն կներկայացնի կատարած աշխատանքն ու անելիքները: Ըստ նրանց կողմից առաջարկված հայեցակարգի՝ միջոցառումները պայմանականորեն բաժանվելու են չորս հիմնական ուղղությունների, ոգեկոչման չորս առանցքների: Դրանք են.

1. Հիշողություն: Հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:

2. Երախտագիտություն: Երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Մեկ մանուկ փրկած անհայտ մարդուց մինչև միջազգային ատյաններում մեր դատի համար պայքարող պետություններ մենք հիշելու ենք և մեծարենք նրանց, ովքեր, իրենց ժամանակից առաջ ընկնելով, մտածում էին մարդասիրական միջամտության կատեգորիաներով:

3. Միջազգային պայքար: Որպես վերապրած ժողովուրդ՝ մենք շարունակելու ենք մեր պարտքը կատարել մարդկության առջև` լինելով ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կիզակետում: Քաղաքական, գիտական, տեղեկատվական, մշակութային և բոլոր այլ ոլորտներում մենք շարունակելու ենք գործել որպես «այլևս երբեք գաղափարախոսության առաջամարտիկ:

4. Վերածնունդ: Ոգեկոչելով մեր նահատակներին և մեծարելով հերոսներին՝ մենք նաև անդրադարձ ենք կատարելու ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մեր ձեռքբերումներին և նվաճումներին: Մենք հպարտությամբ ենք արձանագրելու, որ մեզ բաժին ընկած փորձությունում ցուցաբերեցինք բացառիկ կամքի ուժ և վերածնունդ ապրեցինք, ինչպես ասում էր մեծն Պարույր Սևակը`

... Ելք ճարեցինք նոր Հարության:
Եվ ոչ որպես փյունիկ թռչուն,
Այլ ՀԱՅԻ պես…

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ այստեղ գտնվելու և Ձեր քրտնաջան աշխատանքի համար: