Բավ է պառակտվել
06-01-2015 20:06

Շփման գծում երկու հայ զինվոր է զոհվել

Հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hակառակորդի ակտիվությունը ճնշելիս հայկական կողմը եւս կորուստներ է ունեցել: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երկու պայմանագրային զինծառայող: Նրանք երկուսն էլ ապրում են ԼՂՀ-ում: Հակառակորդի զոհերի թիվը ավելին է, քան նախապես հաղորդվել է: Նախնական տեղեկություններով՝ հակառակորդն ունի առնվազն 7 զոհ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 եւ 82մմ-ոց ականանետերից եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են: