Բավ է պառակտվել
12-01-2015 16:00

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գյումրիի սպանության փաստով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ եւ գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո: Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը: